Մարզային

Վերամշակող ընկերությունները վարունգը մթերելու նպատակով այցելել են Արմավիր

2 րոպեի ընթերցում

Վերամշակող ընկերությունները վարունգը մթերելու նպատակով այցելել են Արմավիր

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հանձնարարությամբ` փոխնախարար Ռոբերտ Մակարյանը սեպտեմբերի 24-ին այցելել է Արմավիրի մարզ, որտեղ Գեղակերտ համայնքում կազմակերպվել է հանդիպում վարունգի բերքի իրացման խնդիրը քննարկելու և լուծումներ տալու նպատակով: Հանդիպմանը ներկա են եղել նաև Արմավիրի մարզպետի տեղակալ Դավիթ Սամսոնյանը, համայնքապետեր, մի շարք վերամշակող ընկերությունների ներկայացուցիչներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, Ռոբերտ Մակարյանի խոսքով, վերամշակող ընկերություններն այս տարի իրենց ունեցած պահանջարկից ավել են վարունգ մթերել, սակայն, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը և գյուղացիական տնտեսություններին աջակցելու նպատակով, նախաձեռնվել է այս հանդիպումը, որպեսզի երկու կողմերը պայմանավորվածություններ ձեռք բերեն բերքի մթերման հարցում և փոխշահավետ ու երկուստեք ընդունելի լուծումներ գտնվեն:

«Հանդիպման արդյունքում կողմերը համաձայնության են եկել, վերամշակող ընկերությունների ներկայացուցիչներն այս պահին արդեն այդ համայնքներում են և ուսումնասիրություններ են իրականացնում` պահածոյացման ենթակա վարունգը մթերելու նպատակով»,-հայտնել է նախարարի տեղակալը:

Ինչ վերաբերում է շուկայահանման ենթակա արտադրանքին, ապա գյուղացիական տնտեսություններին առաջարկվել է շաբաթ-կիրակի օրերին կազմակերպել իրացումը մայրաքաղաքի գյուղատնտեսական տոնավաճառներում: Այդ նպատակով նախարարությունն արմավիրցիների համար լրացուցիչ տեղեր կհատկացնի` հնարավորություն ընձեռելով նաև մեծածավալ վաճառք իրականացնել բեռնատար մեքենաներով: Փոխնախարարը նաև ընդգծել է, որ գյուղատնտեսական տոնավաճառներին մասնակցությունն անվճար է, և վերավաճառողներից ցածր գին առաջարկելու դեպքում գյուղացիները կկարողանան իրենց արտադրանքն իրացնել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում