Մարզային

Արարատում Խաչվերացը նշվեց խաչերթով

2 րոպեի ընթերցում

Արարատում Խաչվերացը նշվեց խաչերթով

ԱՐՏԱՇԱՏ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ առաքելական եկեղեցու հինg տաղավար տոներից վերջինի` Խաչվերացի կապակցությամբ, սեպտեմբերի 13-ին պատարագ մատուցվեցին Արարատի մարզի բոլոր եկեղեցիներում;

Արարատյան հայարապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ Կճոյանի օրհնությամբ եւ Արարատ գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Դավիթ քահանա Սահակյանի նախաձեռնությամ կազմակերպվել էր Խաչերթ: Խաչը Արարատ քաղաքից հանդիսավորությամբ բերվեց Արարատ գյուղի սուրբ Հակոբ եկեղեցի: Խաչերթին մասնակցում էին Արարատի քաղաքապետ Հայկ Հայկյանը, Արտաշատի տարածաշրջանի Սբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Եփրեմ քահանա Հարությունյանը, N զորամասի սարկավագ Գեւորգ Գյոզալյանը, զինվորական փողային նվագախումբը, եկեղեցու հոգեւոր երգչախումբը, շուրջ 1000-ից ավելի հավատավորներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` խաչերթի մասնակիցները, որոնք ձեռքներին ունեին ռեհանի փնջերեր, երգում էին հոգեւոր երգեր: Ռեհանն իր խորհուրդն ունի: Երբ տիրոջ խաչափայտը քրիստոնյաները Պարսկաստանից սրբազան պատերազմով վերադարձրին, ճանապարհին այնտեղ, որտեղ դնում էին խաչը և նստում մի փոքր շունչ առնելու, ռեհանի փնջեր էին բուսնում:

Նույն կերպ էլ այժմ Արարատ քաղաքի եւ Արարատ գյուղի բնակիչները խոնարհումով դիմավորում էին խաչերթի բազմությանը: Երբ լռում էր հոգեւոր երգչախումբը` հզոր թափով հնչում էին թմբուկնեը` ի նշան հաղթանակի, ի նշան խաչը տուն բերելու: Սուրբ Հակոբ եկեղեցու բակում Տեր Դավիթ քահանա Սահակյանը յոթ անգամ խաչապտույտից հետո կատարեց Անդաստանի կարգ: Նա խաղաղություն ցանկացավ աշխարհի չորս ծագերին: Տեր Դավիթն ասաց. «Այս խաչապտույտը նաեւ խաչի քարոզ է, եւ պատահական չէ, որ զինվորներն են տեղափոխում խաչը: Զենքն ու խաչը միշտ պիտի միասնական գործեն Հայաստանի պաշտպանության համար»,-նշեց Տեր Դավիթ քահանա Սահակյանը: Հոգեւոր հայրը խաղաղություն ցանկացավ հատկապես հայոց բանակին, հայոց սահմաններին:

Սուրբ Հակոբ եկեղեցին լեփ-լեցուն էր հավատավոր ժողովրդով: Նրանք մեծ շուքով, երգերով, սաղմոսներով նշեցին Խաչվերացի տոնը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում