Մարզային

Նավուրի նորակառույց ամբուլատորիան մեկ ամսում բժշկական ծառայություն է մատուցել 120 բնակչի

2 րոպեի ընթերցում

Նավուրի նորակառույց ամբուլատորիան մեկ ամսում բժշկական ծառայություն է մատուցել 120 բնակչի

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Տավուշի մարզի Նավուր համայնքի առողջության առաջնային պահպանման նորակառույց կենտրոնը մեկամսյա գործունեության ընթացքում ամբուլատոր բժշկական ծառայություն է մատուցել 120 բնակչի: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ կառուցված ամբուլատորիան սպասարկում է Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Նավուր, Չինչին և Իծաքար համայնքների գրեթե 1970 բնակչի:

Կենտրոնի տնօրեն Գայանե Գևորգյանի խոսքով, ամբուլատորիայի շահագործումից անմիջապես հետո ակտիվորեն սկսել են իրականացվել սոցփաթեթի շահառուների բժշկական զննության աշխատանքները: Նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ իրականացվում են նաև դպրոցահասակ երեխաների անհրաժեշտ բժշկական հետազոտությունները` կապված քաշի, հասակի, տեսողոթյան հետ: Այստեղ կատարվում են նաև 6 տարեկան երեխաների համար նախատեսված պատվաստումները:

ՀՀ մարզերի առողջապահության համակարգերի արդիականացման արդյունքում 2014 թվականին Նավուր համայնքն ընդգրկվել է Համաշխարհային բանկի հավելյալ ֆինանասավորման վարկային ծրագրում: Եվ, քանի որ տվյալ տարածքում հին ամբուլատորիայի շենքի վերակառուցումը նպատակահարմար չէր, ուստի որոշվել էր հատկացված տարածքում կառուցել ամբուլատորիայի նոր շենք: ՀՀ առողջապահության նախարարության անմիջական աջակցությամբ նորակառույց ամբուլատորիան համալրվել է սառնարանով, ինչի բացակայությունը նախկինում դեղերի պահպանման խնդիրներ էր առաջացնում: Նավուր գյուղի բնակիչների գնահատմամբ, ամբուլատորիայի կառուցումը մեծ նշանակություն ունի իրենց համայնքի համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում