Պաշտոնական

Կառավարությունում քննարկվել են հնդկական «Քեյ Ջի Քեյ» խոշոր ընկերության ներդրումային ծրագրերին առնչվող հարցեր

2 րոպեի ընթերցում

Կառավարությունում քննարկվել են հնդկական «Քեյ Ջի Քեյ» խոշոր ընկերության ներդրումային ծրագրերին առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է հնդկական «Քեյ Ջի Քեյ» խոշոր ընկերության տնօրեն Սանջայ Քոթարիի գլխավորած պատվիրակությանը: Ընկերությունը գործունեություն է ծավալում աշխարհի 15 երկրներում և մասնագիտացված է ադամանդագործության, ոսկեգործության և հանքարդյունաբերության ոլորտներում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը ողջունել է «Քեյ Ջի Քեյ» խոշոր ընկերության կողմից Հայաստանում ներդրումային ծրագրեր իրականացնելու մտադրությունը և հայտնել ՀՀ կառավարության աջակցությունը՝ դրանք կյանքի կոչելու գործում: Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ գործադիրը պատրաստ է քննարկել ընկերության յուրաքանչյուր նախաձեռնություն և օժանդակել տարբեր հարցերում: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ ՀՀ-ն այս տարվա հունվարի մեկից անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը, ինչն իր հերթին հնարավորություն կտա «Քեյ Ջի Քեյ»-ին մուտք գործել նաև եվրասիական 170 միլիոնանոց շուկա:

Սանջայ Քոթարին շնորհակալություն է հայտնել վարչապետին աջակցություն ցուցաբերելու պատրաստակամության համար և նշել, որ իրենք մեծապես շահագրգիռ են Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացման գործում:

Կողմերը վստահություն են հայտնել, որ «Քեյ Ջի Քեյ» ընկերության մուտքը մեր երկիր կնպաստի նաև հայ-հնդկական տնտեսական կապերի ընդլայնմանն ու խորացմանը, ինչպես նաև ՀՀ-ում նոր աշխատատեղերի ստեղծմանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում