Մարզային

Հիմնանորոգվում է Գավառ տանող ճանապարհի 4կմ երկարությամբ հատվածը

3 րոպեի ընթերցում

Հիմնանորոգվում է Գավառ տանող ճանապարհի 4կմ երկարությամբ հատվածը

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքը միջպետական ավտոճանապարհին կապող հանրապետական նշանակության 21 կմ երկարությամբ ճանապարհի 4 կմ հատվածում հիմնանորոգման և վերակառուցման աշխատանքները մեկնարկել են դեռևս հունիսի 18-ին: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից, աշխատանքներն իրականացնող «Գավառի ՃՇՇ» ԲԲ ընկերության շինարարների վստահեցմամբ` ճանապարհը շահագործման կհանձնվի նախատեսված ժամկետում՝ 2015թ.

նոյեմբերի 12-ին։

Ընկերության գլխավոր ինժեներ Բաղդասար Նազեյանը նշել է, որ ճանապարհահատվածը 1986 թվականից հետո չէր նորոգվել։ Ճանապարհն ամբողջությամբ քայքայված էր. «Ճանապարհի էլեմենտները չէին համապատասխանում

շինարարական նորմերին։ Պետք է կատարվեր ճանապարհի բոլոր տարրերի հիմնանորոգում: Արդեն իրականացվել է հողային աշխատանքների 90 տոկոսը, կատարվել են փոսային նորոգման աշխատանքներ, ձեռք են բերվել գեոգրիդե ցանցեր, և շուտով կսկսենք ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները: Հսկողությունը շատ խիստ է, աշխատում

ենք ժամանակակից բոլոր չափորոշիչներին համապատասխան»,-նշել է նա:

4 կմ երկարությամբ ճանապարհահատվածի 1 կմ-ը, որը գրեթե անանցանելի էր, վերակառուցվում է, իսկ հաջորդ 3 կմ-ում հիմնանորոգման աշխատանքներ են ընթանում։Ասֆալտապատումն ավարտելուց հետո ճանապարհի ողջ երկայնքով կվերականգնվեն իջատեղերը և մուտքերը, ջրահեռացման համակարգը, ինչպես նաև կտեղադրվեն ճանապարհային նշաններ, ազդանշանային սյուներ, կկատարվի երթևեկելի մասի նշագծում:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Տրանսպորտի ԾԻԳ» պետական հիմնարկի տնօրեն Էմիլ Սարգսյանի համոզմամբ՝ աշխատանքների ավարտից հետո կունենանք որակյալ ճանապարհ: «Հսկողությունն ամենօրյա է։ Աշխատանքները նորմալ հունով ընթանում են: Կատարվող աշխատանքների վերաբերյալ պարբերաբար զեկուցում ենք ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանին,- նշել է Էմիլ Սարգսյանը:

Հիմնանորոգվող ճանապարհահատվածի տեխնիկական հսկողությունն իրականացնում է «ՄԳ Պրոմիլ» ՍՊ ընկերությունը։ Ընկերության մասնագետները կատարում են շինարարական աշխատանքների որակի ամենօրյա ստուգումներ։ Ընկերության տնօրեն Մինաս Գրիգորյանը հավաստիացնում է, որ աշխատանքները կատարվում են շինարարական նորմերին համապատասխան:

Գավառ քաղաքը միջպետական ավտոճանապարհին կապող ճանապարհի 4 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքները կատարվում են պետական բյուջեի կողմից ֆինանսավորվող «ՀՀ պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» ծրագրի շրջանակներում: Ծրագրի արժեքը 386 267 310 ՀՀ դրամ է։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում