Պաշտոնական

Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանի հետ

2 րոպեի ընթերցում

Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանի հետ

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն օգոստոսի 7-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Հանս Հորբախին (նստավայրը՝ Թբիլիսի), ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել դեսպան Հորբախին պաշտոնավարման ընթացքում հայ-նիդերլանդական հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ ներդրված ջանքերի և կատարած աշխատանքի համար: Վարչապետը նշել է, որ Հայաստանը պատրաստակամ է առավել ակտիվացնել քաղաքական, առևտրատնտեսական հարաբերությունները և համագործակցությունը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում:

Դեսպան Հորբախը շնորհակալություն է հայտնել վարչապետին արդյունավետ համագործակցության համար և նշել, որ իր համար մեծ պատիվ էր Հայաստանում պաշտոնավարելը: Ընդգծելով, որ Նիդերլանդների Թագավորությունը կարևորում է Հայաստանի հետ փոխգործակցության խորացումը, Հանս Հորբախը համոզմունք է հայտնել, որ երկու երկրների միջև կապերը կշարունակեն զարգանալ և ամրապնդվել:

Հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Նիդերլանդների միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության ակտիվացման, Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների խորացման շուրջ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում