Սպորտ

Արցախը պատրաստ է հաջորդ Համահայկական խաղերին հյուրընկալելու ավելի շատ մարզաձևեր

2 րոպեի ընթերցում

Արցախը պատրաստ է հաջորդ Համահայկական խաղերին հյուրընկալելու ավելի շատ մարզաձևեր

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախը, որը Համահայկական 6-րդ ամառային խաղերին հյուրընկալում է երկու մարզաձևերը (վոլեյբոլ, ֆուտբոլ), պատրաստ է արդեն հաջորդ խաղերին հյուրընկալել ավելի մեծ թվով մարզիկների և անցկացնել ավելի շատ մարզաձևերի մրցումներ:

«Առաջին անգամ Համահայկական խաղերի երկու մարզաձևերը՝ վոլեյբոլը և ֆուտբոլը, անցկացվում են Արցախում: Այս խաղերի խորհուրդն այն է, որ մենք միասնական ենք: Խորհուրդը նաև եռամիասնությունն է՝ Հայրենիք-Արցախ-Սփյուռք: Այս մրցումներով մենք ևս մեկ անգամ կմեկտեղվենք, և հասկանալի է, որ մեր մեկտեղվելու սկզբունքը հայության առաջ կանգնած հիմնական խնդիրների շարունական լուծում տալ է: Մարզասերների և մարզիկների շփումներով մենք կկարողանանք ունենալ թե՚ մարզական հաջողություններ, թե՚ համահայկական խնդիրները քննարկելու առիթ»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարարը:

Վերջինիս խոսքով՝ Արցախը պատրաստ է մի քանի այլ մարզաձևեր ևս հյուրընկալել: «Եթե ասեմ, որ բոլոր մարզաձևերն է պատրաստ հյուրընկալելու, ապա ոչ: Մեզ հարկավոր են միջազգային չափանիշներին համապատասխան մարզադահլիճներ: Ամեն դեպքում, այս երկու մարզաձևերը հյուրընկալելն արդեն մեծ առաջընթաց է: Մեր հայրենակիցներից ոմանք առաջին անգամն են Արցախում և գուցե այդպիսով իրականացնում են իրենց մեծ ցանկությունը՝ տեսնել Արցախը: Իհարկե, մենք պատրաստ ենք հաջորդ համահայկական խաղերին հյուրընկալելու արդեն ավելի շատ մարզաձևերի մրցումներ»,-շեշտեց նա:

Համահայկական 6-րդ ամառային խաղերի ֆուտբոլ և վոլեյբոլ մարզաձևերի երկու ենթախմբերի հանդիպումներն անցկացվում են Ստեփանակերտում և Ասկերանում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում