Մշակույթ

Բեյթեդին արվեստի փառատոնին հայ երաժիշտները Ցեղասպանության տարելիցին նվիրված համերգ կտան

2 րոպեի ընթերցում

Բեյթեդին արվեստի փառատոնին հայ երաժիշտները Ցեղասպանության տարելիցին նվիրված համերգ կտան

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանի հանրահայտ մշակութային իրադարձություններից մեկին` Բեյթեդին արվեստի փառատոնին հայ արվեստագետները հանդես կգան Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգով: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը` Հայաստանի պետական կամերային և«Հովեր» պետական կամերային երգչախմբերի հետ օգոստոսի 8-ին ելույթ կունենա Beiteddine Art Festival-ի շրջանակում: Երեկոյի ընթացքում որպես դիրիժոր հանդես կգա ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում մաեստրո Թոփչյանը տեղեկացրեց, որ Լիբանանի մայրաքաղաքում անցկացվող իրադարձությունն ամենամեծ արվեստի փառատոններից է:

«Հրավիրված ենք նրանց կողմից: Ծրագրում կհնչեն Խաչատրյանի Սպարտակսյուիտը,ԲրամսիՋութակիկոնցերտը ևՄոցարտիՌեքվիեմը: Լիբանանում մեզ հետ ելույթ կունենա մեր մեծ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը: Քանի որ համերգը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, նրա հետ որպես բիս ուզում ենք կատարել Կոմիտասի «Կռունկ»-ը, որը վերջերս Ռուբեն Ալթունյանը մշակել է ջութակի և նվագախմբի համար: Շատ հայտնի մարդիկ արդեն նվագել են դա, այդ թվում` Մաքսիմ Վենգերովը: Հիմա մենք էլ պետք է կատարենք: Երկրորդ բաժնում էլ որպես նվեր երկու հատված կկատարենք Տիգրան Մանսուրյանի Ռեքվիեմից»,-նշեց Էդուարդ Թոփչյանը:

Այժմ Ֆիլհարմոնիկը և երգչախմբերն ակտիվորեն պատրաստվում են կարևորագույն ելույթին: «Արմենպրես»-ը մասնակցեց երաժիշտների և երգիչների փորձին:

«Շատ լավ եմ գնահատում փորձերը, շատ լավ աշխատում ենք: Վստահ եմ` շատ լավ կնվագենք»,-հավելեց ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժորը:

Որպես մենակատարներ համերգային երեկոյի ընթացքում հանդես կգան նաև մեներգիչներ Իրինա Զաքյանը (սոպրանո), Պերճ Քարազյանը (տենոր), Նարինե Անանիկյանը (մեցցո սոպրանո) և Սարգիս Բաժբեուկ-Մելիքյանը (բարիտոն):

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում