Պաշտոնական

ՀՀ վարչապետն անհրաժեշտ է համարել հայ-ճապոնական առևտրատնտեսական հարաբերությունների ակտիվացումը

3 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետն անհրաժեշտ է համարել հայ-ճապոնական առևտրատնտեսական հարաբերությունների ակտիվացումը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն հուլիսի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի առաջին ռեզիդենտ դեսպան Էյձի Տագուչիին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,Կառավարության ղեկավարը շնորհավորել է Ճապոնիայի դեսպանին դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք: Վարչապետը հույս է հայտնել, որ Հայաստանում և Ճապոնիայում դիվանագիտական ներկայացուցչությունների առկա­յու­­թյունը նոր թափ կհաղորդի երկկողմ բարեկամական կապերի և փոխշահավետ համագործակցության ամրապնդմանն ու զարգացմանը: Հովիկ Աբրահամյանը գոհունակություն է հայտնել Հայաստանի և Ճապոնիայի միջև քաղաքական երկխոսության ընթացքից և անհրաժեշտ համարել ջանքերի գործադրումը նաև առևտրատնտեսական հարաբերությունների ակտիվացման և առկա ներուժի լիարժեք իրացման ուղղությամբ: Այս համատեքստում վարչապետը կարևորել է երկու երկրների գործարար շրջանակների միջև հանդիպումների և գործարար համաժողովների կազմակերպումը, ինչը հնարավորություն կտա նախանշել համագործակցության նոր ուղղություններ և կյանքի կոչել համատեղ նոր ծրագրեր:

Դեսպան Տագուչին շնորհակալություն է հայտնել վարչապետին ընդունելության համար և հավաստիացրել, որ պաշտոնավարման ընթացքում կներդնի առավելագույն ջանքերը՝ արդյունավետ գործընկերությունը ընդլայնելու և խորացնելու, ինչպես նաև երկկողմ կապերը սերտացնելու նպատակով: Դեսպանի համոզմամբ, Ճապոնիայի ռեզիդենտ դիվանագիտական ներկայացուցչության առկայությունը մեր երկրում շրջադարձային կարող է լինել հայ-ճապոնական տնտեսական հարաբերությունների աշխուժացման ու զարգացման համար: Էյձի Տագուչին ևս կարևորել է հայ և ճապոնացի գործարարների միջև կապերի սերտացումը և բիզնես ֆորումների անցկացումը:

Անդրադառնալով հայ-ճապոնական փոխգործակցության զարգացման հեռանկարներին՝ զրուցակիցները մտքեր են փոխանակել, մասնավորապես, էներգետիկայի, գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում փոխգործակցության հետագա զարգացման և ընդլայնման շուրջ: Վարչապետը նաև գոհունակություն է հայտնել միջազգային ասպարեզում երկու երկրների միջև առկա համագործակցության ընթացքից և շնորհակալություն հայտնել Ճապոնիայի կառավարությանը՝ մեր երկրին տրամադրվող ֆինանսական և տեխնիկական աջակցության համար:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում