Հոգեւոր բուհերը համալրվում են. արդեն վեց դիմորդ ընդունվել է Գևորգյան ճեմարան

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վեց դիմորդ հաջողությամբ է հանձնել Գևորգյան հոգևոր ճեմարանի ընդունելության քննություններն ու առաջին փուլով ընդունվել է հաստատություն: «Արմենպրես»-ի հետ զրույցում Գևորգյան հոգևոր ճեմարանի քարոզչության և հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Վահան սարկավագ Սահակյանը տեղեկացրեց, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր-կրթական հաստատություններում ավարտվել է ընդունելության քննությունների առաջին փուլը և մեկնարկում է երկրորդը:

«Գևորգյան հոգևոր ճեմարան երկրորդ փուլով ներկա պահին դիմել է 36 հոգի: Նախորդ տարի երկու փուլերով այս հոգևոր-կրթական հաստատություն է դիմել 54 և ընդունվել 44 դիմորդ: Հառիճի Թրբանճյան ընծայարանի 10-րդ դասարանում սովորելու համար ներկա պահին դիմել է 6, 11-րդ դասարանում՝ մեկ, իսկ 12-րդում 3 աշակերտ»,-տեղեկացրեց Վահան սարկավագ Սահակյանը:Գևորգյան հոգևոր ճեմարանում այժմ ուսանում է 103, Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցում 54, քահանայից պատրաստման լսարանում՝ 26, իսկ Հառիճի Թրբանճյան ընծայարանում՝ 35 սան:

«Գևորգյան հոգևոր ճեմարանի ընդունելության Ա փուլը սկսվել է հունիսի 24-ին և ավարտվել հուլիսի 1-ին: Բ փուլը մեկնարկելու է օգոստոսի 24-ին և ավարտվելու է 31-ին: Դիմումներն ընդունվում են մինչև օգոստոսի 22-ը ներառյալ: Վազգենյան հոգևոր դպրանոցի քննություններն անցկացվում են Գևորգյան հոգևոր ճեմարանի քննությունների հետ: Քննությունները հաջող հանձնած դիմորդներին բաշխում են ուսումնական հաստատություններով համաձայն Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինության»,-ընդգծեց Վահան սարկավագ Սահակյանը:

Իսկ Հառիճի Թրբանճյան հոգևոր ընծայարան ավագ դպրոցի ընդունելության քննությունները մեկնարկելու են օգոստոսի 10-ին և ավարտվելու 18-ին:

«Նրանք, ովքեր ընդունվում են, տարկետում են ստանում Մայր Աթոռի կողմից: Ուսումն ավարտելուց հետո, եթե ձեռնադրվում են սարկավագ և մնում են ասպարեզում որպես հոգևորական, ծառայում են բանակում որպես բանակի հոգևոր սպասավոր»,-նշեց նա: Հոգևոր-կրթական հաստատություններում ուսում ստանալու համար անհրաժեշտ է հանձնել 5 քննություն: «Դիմորդները քննություններ պետք է հանձնեն հայոց լեզու, հայ գրականություն, հայոց պատմություն առարկաներից, ինչպես նաև ստուգարքներ անգլերենից և երգից: Վերջին երկուսի դեպքում գնահատական չի տրվում, պարզապես քննության ընթացքում ստուգվում է օտար լեզվին տիրապետելու հանգամանքը և աստիճանը՝ հետագայում ընդունվելու դեպքում համապատասխան խմբում ընդգրկվելու համար: Նաև պարզաբանվում են երաժշտական ունակությունները»,-հավելեց Վահան սարկավագ Սահակյանը:

Գևորգյան հոգևոր ճեմարանը Հայաստանի առաջին բարձրագույն ուսումնական հաստատությունն է, որի հիմնադիրն է եղել Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցի կաթողիկոսը 1874-ին: Հոգևոր ճեմարանին առընթեր գործում են Սևանի Վազգենյան դպրանոցը, Հառիճի Թրբանճյան ընծայարանը (Ավագ դպրոցի ծրագրով) և քահանայից պատրաստման լսարանը (այլ բուհերի շրջանավարտների համար): Գևորգյան հոգևոր ճեմարանում կրթությունն անվճար է, ուսանողներն ապահովվում են կացարանով, սննդով, բժշկական օգնությամբ, համազգեստով, գրենական պիտույքներով, հիգիենայի և այլ անհրաժեշտ պարագաներով: Ուսման տևողությունը 6 տարի է (4-ը բակալավրիատ, 2-ը մագիստրատուրա):

Հայերեն English Русский

Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Սենեգալին մեկնարկային խաղում

Աբբաս Արաղչին ու Ժոզեֆ Աունն ընդգծել են ԱՄՆ-Իրան խաղաղության համաձայնագրի կետերի իրագործման կարևորությունը

Իսրայելը «Հեզբոլլահի» հրթիռները խոցելուց հետո հարվածել է Հարավային Լիբանանին

Հայկական «ԲուՏեխ» և ֆրանսիական «Թալես» ընկերությունները ռազմավարական գործընկերություն են հաստատել

ԿԸՀ-ն կքննի Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ դատախազի միջնորդությունը

Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների բողոքները քննող նիստ է անցկացվել

Օմանի և Իրանի արտաքին գործերի նախարարներն արտահայտվել են Հորմուզի նեղուցում ազատ նավարկության օգտին

Կազանում կանցկացվի Ռուսաստանի և Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի երկրների ղեկավարների գագաթնաժողով

Հայտնի են «Փյունիկ»-ի ու «Ալաշկերտ»-ի մրցակիցները Կոնֆերենցիաների լիգայի առաջին փուլում

Հայաստանն ու Իրանը քննարկել են երկկողմ առևտրատնտեսական համագործակցության հետագա ընդլայնման վերաբերյալ հարցեր