2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2015 թվականի հունվար-հունիսին 3,8 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացրել է երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները: Անկում են գրանցել առևտրի շրջանառության, արտաքին առևտրաշրջանառության ոլորտները:
Շինարարության ծավալը աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 0,6 տոկոսով: Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը ևս աճ է գրանցել`1,5 տոկոսով: 2014թ. հունվար-հունիսի համեմատ ընթացիկ տարում ծառայությունների ծավալն (առանց առևտրի) աճել է 3,3 տոկոսով, իսկ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը երկնիշ աճ է արձանգրել՝ 14,5 տոկոս:
Առեւտրի շրջանառությունը նվազել է 8,2 տոկոսով և կազմել 973 մլրդ 735.2 մլն դրամ: Արդյունաբերական արտադրանքի ծավալը` 5,1 տոկոսով աճել է 2014թ. հունվար-հունիսի համեմատ: Սպառողական գների ինդեքսն աճել է 5,1 տոկոսով:Միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 10,8 տոկոսով (178 հազար 391 դրամ): Արտաքին ապրանքաշրջանառության ծավալները 2014թ. հունվար-հունիսի համեմատ նվազել են 29,8 տոկոսով (1 միլիարդ 932.7 մլն ԱՄՆ դոլար), ընդ որում` արտահանումը նվազել է 11,2 տոկոսով (624.8 մլն դոլար), իսկ ներմուծումը` 36,2 տոկոսով (1 միլիարդ 307.9 մլն դոլար): Դրամի փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ հունվար-հունիսին եղել է 476.87:
Բոլոր բացարձակ ցուցանիշները ներկայացված են ընթացիկ գներով: 2015թ. հունվար-հունիսի արտաքին առևտրի ցուցանիշներն ամբողջական չեն`պայմանավորված ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ցուցանիշների ոչ ամբողջական հավաքագրմամբ, և դրանք հետագայում ենթակա են ճշգրտման: