Մարզային

Մարտունու ծննդատանը տարեկան գրանցվում է ավելի քան 1200 ծնունդ

2 րոպեի ընթերցում

Մարտունու ծննդատանը տարեկան գրանցվում է ավելի քան 1200 ծնունդ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզ աշխատանքային այցելության շրջանակում ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի ուղեկցությամբ եղել է Մարտունու ծննդատանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, նախարարը շրջել է տարածքում, այցելել նորածիններին և նրանց մայրերին: Բուժաշխատողների հետ զրույցում նախարարն իր գոհունակությունն է հայտնել ծննդատան ղեկավարությանը հոգատար և սրտացավ վերաբերմունքի համար: «Իրականում շատ դժվար, հայրենասեր աշխատանք եք կատարում, որը մեծ պատասխանատվություն է ենթադրում: Դուք ձեր գործի նվիրյալներն եք»,- ընդգծել է Արմեն Մուրադյանը:

Մարտունու ծննդատանը տարեկան գրանցվում է ավելի քան 1200 ծնունդ: Բժշկական կազմակերպությունը վերանորոգվել է 1996 թվականին` իտալացի բարերարների միջոցներով: Այն Գեղարքունիքի մարզի լավագույն ծննդատներից մեկն է, որն ունի ծննդաբերական, գինեկոլոգիական, վիրահատական, կլինիկո-լաբորատոր և ախտորոշիչ ծառայություններ, ինչպես նաև կանանց կոնսուլտացիա:

Ծննդատանն աշխատում է 100 բուժաշխատող: Տնօրինության հավաստմամբ` քայլեր են ձեռնարկվում մատուցվող ծառայությունների ծավալներն ընդլայնելու, անձնակազմի որակավորումը բարձրացնելու ուղղությամբ: Ծննադատանը կատարվում է նաև մարզի բժիշկների և բուժքույրերի վերապատրաստում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում