Մարզային

Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը նշանակվել է Տավուշի թեմի առաջնորդ

5 րոպեի ընթերցում

Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը նշանակվել է Տավուշի թեմի առաջնորդ

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը նշանակվել է Տավուշի թեմի առաջնորդ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը (ավազանի անունը Վազգեն) ծնվել է 1971թ. Գյումրիում:

1988-1994թթ. ուսանել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում: 1994թ. ձեռնադրվել է սարկավագ՝ ձեռամբ Տ. Անանիա եպիսկոպոս Արաբաջյանի: 1995թ. գերազանցությամբ ավարտել է Գևորգյան հոգևոր ճեմարանը` պաշտպանելով ավարտաճառ «Խոսրով եպիսկոպոս Անձեւացու Ժամակարգութեան մեկնութիւնն ու աստուածաբանութիւնը (նորագիւտ ձեռագրերով եւ մատենագիտական ուսումնասիրութեամբ)» թեմայով: 1995թ. հուլիսի 23-ին` Ս. Պայծառակերպության տոնին, ձեռնադրվել է կուսակրոն քահանա՝ ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի: 1996թ. նշանակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Էջմածին» պաշտոնական ամսագրի գլխավոր խմբագիր: Միևնույն ժամանակ նշանակվել է նորահաստատ Քրիստոնեական դաստիարակության և քարոզչության կենտրոնի փոխտնօրեն՝ վարելով ուսուցիչների պատրասման ծրագիրը Հայաստանի Արմավիր, Մասիս, Արտաշատ, Ապարան քաղաքներում և Երևանի Ամերիկյան համալսարանում: Հիմնադիր անդամն է քրիստոնեական առաջին՝ «Կանթեղ» հեռուստածրագրի: Գևորգյան և Վազգենյան ճեմարաններում դասավանդել է «Սուրբ Պատարագի մեկնություն», «Շարականագիտություն» և «Ընդհանուր Եկեղեցու պատմություն» առարկաները:

1996-1998թթ. առկա պաշտոններին զուգահեռ եղել է Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի գավազանակիրը: 1998-2000թթ. սովորել է Անգլիայի Լիդձ քաղաքի համալսարանում և Մըրֆիլդի Սուրբ Հարության Աստվածաբանական քոլեջում՝ մասնագիտանալով աստվածաբանական և հովվական ուսումնասիրության մեջ և ստանալով բակալավրի աստիճան: Միևնույն ժամանակ եղել է Մեծ Բրիտանիայի հայոց թեմի Մանչեսթրի Ս. Երրորդություն եկեղեցու այցելու հովիվը:

1996-2000թթ. եղել է Հայաստանում Քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի կազմակերպման կենտրոնական մարմնի անդամ: 2000թ. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ նշանակվել է Սևանի Վազգենյան դպրանոցի տեսուչ: 2002թ. պաշտպանել է «Հիւանդաց Օծման խորհուրդի խնդիրը Հայ Եկեղեցում» թեմայով վարդապետական թեզը և ստացել մասնավոր վարդապետության 4 աստիճանները: 2002թ. զուգահեռ նշանակվել է նաև Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի խորհրդի նախագահ, եղել է «Շողակաթ» հեռուստաընկերության տնօրենների խորհրդի նախագահ և վարել է հեղինակային՝ «Ճանաչենք Ավետարանը» հեռուստահաղորդումների շարքը: 2002թ.-ին զուգահեռաբար նշանակվել է Արագածոտնի թեմի առաջնորդական տեղապահ: 2003թ. մայիսին ընտրվել է Հայ Եկեղեցու Կանադայի հայոց թեմի առաջնորդ: 2003թ. հունիս 22-ին Սուրբ Էջմիածնի տոնին ձեռնադրվել է եպիսկոպոս՝ ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի:

2008 թ.-ին երկրորդ անգամ վերընտրվել է Կանադայի հայոց թեմի առաջնորդ: 2012թ. սեպտեմբերի 21-ին Մոնրեալի Քոնքորդիա համալսարանում պաշտպանել է աստվածաբանության և կենսաբանական բարոյագիտության դոկտորական թեզ «Հայաստանի առողջապահական համակարգը. պատմական, սոցիալական և աստվածաբանական եզրաշերտը, անցյալը ներկան և ապագայի զարգացման հեռանկարը» խորագրով: 2013թ. Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ նշանակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն:

Հրատարակել է բազմաթիվ աստվածաբանական, հրապարակախոսական, քարոզխոսական, մշակութային հոդվածներ, «Հիւանդաց Օծման խորհուրդի խնդիրը Հայ Եկեղեցում» աշխատությունը, «Խոհեր» հոգևոր-խորհրդածական գրքույկը:

2013թ. արժանացել է Անգլիայի Եղիսաբեթ Բ թագուհու ադամանդյա հոբելյանի մեդալին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում