Սպորտ

Ստեփան Սարգսյանի ըմբշամարտի մրցաշարն աննախադեպ կլինի թե մասնակիցներով և թե մրցանակային ֆոնդով

2 րոպեի ընթերցում

Ստեփան Սարգսյանի ըմբշամարտի մրցաշարն աննախադեպ կլինի թե մասնակիցներով և թե մրցանակային ֆոնդով

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ըմբշամարտի Ստեփան Սարգսյանի անվան հոբելյանական 20-րդ միջազգային մրցաշարն աննախադեպ կլինի մասնակիցների քանակով և մրցանակային ֆոնդով: «Կարող եմ վստահեցնել, որ այս տարի շատ ուժեղ կազմ ենք հավաքել Ստեփան Սարգսյանի անվան մրցաշարի համար: Այս մրցաշարը միջազգային այլ մրցաշարերից զիջում է միայն Բելառուսում անցկացվող մրցաշարին: Մեր տղաների համար պատասխանատու մրցաշար է, որին մասնակցելու են բոլորը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին Ծաղկաձորում կայացած մամուլի ասուլիս ժամանակ ասաց ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը:

«Այս կարգի մրցաշարը ևս չի վրիպել ՀԱՕԿ նախագահի աչքից, և խոսքը վերածվեց գործի: Այդ ամենը երևում է հավաքված կազմով: Հենց նման մրցաշարերով էլ աշխարհին ցույց ենք տալիս, թե ինչ լավ երկիր ունենք և, ինչու ոչ, ինչպիսի հզոր մարզիկներ ունենք»,-ասաց ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը:

Ստեփան Սարգսյանի մրցաշարն այս տարի անցկացվում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հովանու ներքո, և 20-րդ հոբելյանական մրցաշարի մրցանակակին ֆոնդը աննախադեպ կլինի` 88 հազար ԱՄՆ դոլար, որը տրամադրել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Այս տարի հաղթողներին կտրվի 5000, 3000 և 1000-ական ԱՄՆ դոլար: Իսկ Ստեփան Սարգսյանի քաշային կարգում հաղթողին կտրվի «Նիվա» մակնիշի ավտոմեքենա:

Ստեփան Սարգսյանի անվան մրցաշարն այս տարի հոբելյանական է: Անցկացվել է 20-րդ անգամ Երևանի «Միկա» մարզադահլիճում: Մրցաշարին մասնակցում են աշխարհի 15 երկրների ներկայացուցիչներ, նրանց թվում աշխարհի, Եվրոպայի չեմպիոններ և Օլիմպիական խաղերի մրցանակակիրներ: Հայաստանը կներկայանա 40 մարզիկով: Մրցաշարը կկայանա հուլիսի 18-ին և 19-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում