Ադրբեջանում զինամթերքի հետ անզգույշ վարվելու հետեւանքով պայթյունից երեք մարդ վիրավորվել է
2 րոպեի ընթերցում
![Ադրբեջանում զինամթերքի հետ անզգույշ վարվելու հետեւանքով պայթյունից երեք մարդ վիրավորվել է](http://armenpress.am/resized/480/static/news/b/2015/07/812131.jpg)
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղում Իսլամ Խանբաբաեւի տան բակում շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ Բաքվից ժամանած նրա հյուրի` Թունջայ Խանբաբաեւայի հայտնաբերած խոշոր տրամաչափի փամփուշտի պայթելու հետեւանքով վիրավորվել են 12-ամա Նարմին Բաբաեւան, նրա 8-ամյա եղբայրը` Թունջայը եւ գյուղի 44-ամյա բնակիչ Դուրդանա Նաղդալիեւան: Վիրավորները տեղափոխվել են Թովուզի հիվանդանոց: Նրանց վիճակը բավարար է:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է «Ազադլըգ» թերթը` հղում կատարելով Ադրբեջանի ՆԳՆ կայքում բերված հաղորդագրությանը, որով հերքվել է ադրբեջանական որոշ ԶԼՄ-ների կողմից միջադեպը որպես հայկական կողմից կատարված գնդակոծության հետեւանք ներկայացվելը:
Մասնավորապես, ադրբեջանական SalamNews գործակալությունը հայտնել է, որ շփման գծին մոտ գտնվող գյուղում երեք քաղաքացիները, իբր, վիրավորվել են «հայկական կողմից խոշոր տրամաչափի զենքից գնդակոծության արդյունքում»:
Ադրբեջանական ԶԼՄ-ների այդ ապատեղեկատվությունը հերքել է նաեւ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
«Հնարավոր է` ադրբեջանական գյուղում ողբերգական միջադեպը զինամթերքի հետ անզգույշ վարվելու արդյունք է», -նշել է նա եւ ընդգծել, որ ադրբեջանական կողմի այդ լուրերը միանգամայն սադրիչ բնույթի ապակատեղեկատվություն են: