Մարզային

Գյումրու Հայորդաց տունը հաստատուն քայլերով առաջ է գնում

3 րոպեի ընթերցում

Գյումրու  Հայորդաց տունը  հաստատուն քայլերով առաջ է գնում

ԳՅՈՒՄՐԻ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախաձեռնությամբ հանրապետությունում գործող Հայորդաց տները շարունակում են առաջնորդվել մատաղ սերնդի հայեցի դաստիարակման առաքելությամբ: Հանրապետությունում այս պահին գործում է յոթ հայորդաց տուն: Տակավին նոր՝ 2014 թվականի դեկտեմբերի 4-ին իր գործունեությունը ծավալած Գյումրու Հայորդաց տունը ևս հաստատուն քայլերով առաջ է գնում՝ 400 սան և գործող 13 խմբակ, սակայն ինչպես «Արմենպրես» -ին տեղեկացրեց Գյումրու Հայորդաց տան տնօրեն Աստղիկ Եդիգարյանը, ընդունելությունը շարունակվում է, և՛ սաների, և՛ խմբակների թիվն ավելանում, սակայն ոչ որակի հաշվին: Իսկ այն, որ կարճ ժամանակում մշակութային մայրաքաղաք Գյումրիում հնարավոր դարձավ ստեղծել հոգևոր-մշակութային կենտրոններին հարիր, արհեստավարժ Հայորդաց տուն, ակնհայտ է: Հուլիսի 5-ին Հայորդաց տան անդրանիկ հաշվետու համերգին ներկայացան բոլոր խմբերը՝ երգչախումբը, «ACCOLADA» երիտասարդական կամերային նվագախմբը, պարային, ասմունքի խմբերը: Համերգը բազմաժանր էր՝ ժամանակակից, դասական, ազգային, ժողովրդական համարներ: Թեեւ ժամանակը կարճ էր, բայց կենտրոնին հաջողվել է իր հովանու ներքո հավաքված սաների մեջ կրթել ու դաստիարակել տաղանդ ու շնորհ, նաև կերտել նրանց նկարագիրը, հայեցի ոգին ու գիտակցությունը:

Այն, որ Գյումրու Հայորդաց տանը հաջողվել է կյանքի կոչել ու զարգացնել Հայորդաց տների նպատակը, համերգի ավարտին նշեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Հայորդաց տների հոգևոր տեսուչ Հայր Կոմիտաս վարդապետ Հովնանյանի, սակայն հոգեշնորհ հոր վստահությամբ, հաջորդիվ համերգները էլ ավելի կզարմացնեն ու կուրախացնեն բոլորին: «Վստահ կարող եմ ասել, որ 1-2 տարի հետո Գյումրու հայորդաց տունն առաջխաղացում կգրանցի, հատկապես հաշվի առնելով այն, որ Գյումրին ունի հրաշալի վերանորոգված Հայորդաց տան կառույց և բացառիկ ավյունով լեցուն տնօրեն: Վստահ եմ՝ Գյումրու Հայորդաց տունը դեռ կզարմացնի ու կուրախացնի մեզ » ,-նշեց Կոմիտաս վարդապետ Հովնանյանը:

Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը դեռ իր՝ Արարատյան թեմի Առաջնորդական Փոխանորդ լինելու տարիներին նախաձեռնեց Հայորդաց տների ցանցի ստեղծումը՝ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության աջակցությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում