Պաշտոնական

ՀՀ վարչապետը և Փարիզի քաղաքապետը բարձր են գնահատել հայ-ֆրանսիական հարաբերությունների ներկա մակարդակը

3 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետը և Փարիզի քաղաքապետը բարձր են գնահատել հայ-ֆրանսիական  հարաբերությունների ներկա մակարդակը

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը հուլիսի 3-ին աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,Փարիզում վարչապետ Աբրահամյանը հանդիպում է ունեցել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ:

Վարչապետը բարձր է գնահատել հայ-ֆրանսիական միջպետական հարաբերությունների ներկա մակարդակը և կարևոր համարել փոխգործակցության հետագա զարգացումը և խորացումը տարբեր ուղղություններով: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա է ապակենտրոնացված մակարդակով բավականին լայն համագործակցություն. մայրաքաղաք Երևանը և Հայաստանի շուրջ երեք տասնյակ համայնքներ արդյունավետ փոխգործակցում են Ֆրանսիայի քույր քաղաքների հետ: Վարչապետը, կարևոր համարելով երկու մայրաքաղաքների միջև օրեցօր ամրապնդվող համագործակցությունը, բարձր է գնահատել տիկին Իդալգոյի ներդրումը Երևանի և Փարիզի միջև կապերի սերտացման գործում: Վարչապետը նշել է, որ Երևան-Փարիզ համագործակցության շրջանակում ընթացիկ և նախատեսվող ծրագրերը ՀՀ կառավա­րության ուշադրության կենտրոնում են և պատրաստակամություն է հայտնել Երևանի քաղաքապետարանի հետ միասին այսուհետ ևս սատարել համատեղ ծրագրերի անխափան իրականացմանը:

Ողջունելով Հայաստանի վարչապետին՝ Փարիզի քաղաքապետը նույնպես բարձր է գնահատել Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարեկամական հարաբերությունները և կարևորել փոխգործակցության զարգացումը տարբեր բնագավառներում: Նրա խոսքով՝ երկու մայրաքաղաքները տնտեսական համագործակցության զարգացման մեծ ներուժ ունեն: Անն Իդալգոն կարևոր է համարել փոխգործակցության խորացումը գիտության, կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության ոլորտներում: Նա առանձնացրել է ֆրանսահայ համայնքի դերը և ներդրումը Ֆրանսիայի և, մասնավորապես, Փարիզի զարգացման գործում:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի ևս:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Փարիզի քաղաքապետարանում բացված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում