Պաշտոնական

Վարչապետ Աբրահամյանը Գևորգ Կոստանյանին պարգևատրել է անվանական զենքով

4 րոպեի ընթերցում

Վարչապետ Աբրահամյանը Գևորգ Կոստանյանին պարգևատրել է անվանական զենքով

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Վարչապետ Հովիկ Աբրահամյանը մասնակցել է ՀՀ դատախազության աշխատողի օրվան և դատախազության 97-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը շնորհավորել է համակարգի աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ, և բարձր գնահատել նրանց դժվարին ու պատասխանատու աշխատանքը: Կառավարության ղեկավարը գոհունակությամբ է նշել, որ մեր երկրի դատախազական համակարգն իր բազմամյա փորձով, մասնագիտական բարձր որակներ ունեցող աշխատակիցներով և շարունակական բարեփոխումների միջոցով այսօր ևս շարունակում է հաջողությամբ լուծել իր առջև դրված խնդիրները:«Դատախազությունը տարիներ ի վեր համալրվում է նոր մտածողությամբ, գիտելիքներով հարուստ և բանիմաց աշխատակիցներով, ովքեր, ձեռք բերելով նաև իրենց ավագ գործընկերների հարուստ փորձը, կարողանում են լավագույնս կյանքի կոչել Սահմանադրությամբ ամրագրված դատախազական լիազորությունները և նպաստել մեր երկրի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը: Դուք հաջողությամբ եք շարունակում ՀՀ դատախազության հիմնադիրներից Պետիկ Թորոսյանի և համակարգի կայացման գործում իրենց ավանդը ներդրած մյուս նվիրալների սկսած գործը, ուստի ուրախ եմ, որ ի դեմս ձեզ՝ դատախազությունն ունի նրանց արժանի հետևորդներ»,- նշել է վարչապետը:

Միաժամանակ, Հովիկ Աբրահամյանը նկատել է, որ համակարգը կանգ չի առնում և չի սահմանափակվում ձեռքբերումներով ու հաջողություններով: Դատախազությունը նպատակային քայլերով ընթանում է բարեփոխումների և արդիականացման ճանապարհով, ինչի արդյունքները, վարչապետի համոզմամբ, տեսանելի կլինեն մոտ ապագայում: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ կառավարությունն իր հերթին շարունակելու է անհրաժեշտ պայմաններ և հնարավորություններ ստեղծել դատախազության աշխատակիցների համար՝ նպաստելու հանցավորությանը դիմակայելու, կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացման, մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարական արժեքների ամրապնդման և մեր առջև ծառացած այլ խնդիրների լուծման ուղղությամբ նրանց կողմից տարվող աշխատանքների հաջող իրականացմանը: Վարչապետը վստահեցրել է, որ գործադիրի ուշադրության կենտրոնում են գտնվում նաև դատախազության աշխատակիցների սոցիալական խնդիրները, և կառավարությունը ջանքեր չի խնայելու, որպեսզի նրանց համար ստեղծի բարենպաստ պայմաններ` մասնագիտական պարտականությունները բարձր մակարդակով կյանքի կոչելու համար:

«Ամփոփելով խոսքս, ցանկանում եմ կրկին փաստել, որ նաև ձեր գործունեությունից է կախված հանրապետությունում օրինականության պահպանումը, քաղաքացիների օրինական շահերի ու իրավունքների պաշտպանությունը, հանցավորության դեմ անզիջում պայքարի իրականացումը: Ուստի, ևս մեկ անգամ շնորհավորելով մասնագիտական օրվա առթիվ՝ մաղթում եմ ձեզ հաջողություններ հետագա գործունեության մեջ, աշխատանքային անսպառ եռանդ և ընտանեկան ջերմություն»,- նշել է Հովիկ Աբրահամյանը:

Հայաստանի Հանրապետության օրինականության ամրապնդման և պետականության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար և ՀՀ դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ վարչապետ Աբրահամյանը ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին պարգևատրել է անվանական զենքով:

Ծառայողական պարտականությունները պատշաճ մակարդակով կատարելու համար և ՀՀ դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ Հովիկ Աբրահամյանը ՀՀ վարչապետի հուշամեդալով է պարգևատրել Երևան քաղաքի դատախազ, Արդարատության երկրորդ դասի խորհրդական Արթուր Դավթյանին, ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետ, Արդարադատության առաջին դասի խորհրդական Վահագն Մուրադյանին և ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության պետ, երրորդ դասի խորհրդական Դավիթ Մելքոնյանին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում