Սոկոլովը բարձր է գնահատել հայ-ռուսական տնտեսական կապերը

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստից հետո ՀՀ վարչապետ, հայկական կողմի համանախագահ Հովիկ Աբրահամյանը և ՌԴ տրանսպորտի նախարար, ռուսական կողմի համանախագահ Մաքսիմ Սոկոլովը նիստի արդյունքների վերաբերյալ մամուլի համար հանդես են եկել հայտարարություններով:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետ Աբրահամյանն իր խոսքում, մասնավորապես, նշել է. «Քիչ առաջ ավարտվեցին Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավա­րական հանձնաժողովի 16-րդ նիստի աշխատանքները: Մենք պարոն Սոկոլովի հետ ստորագրեցինք նիստի արձանագրությունը, որն ամփոփեց 15-րդ նիստից հետո ընկած ժամանակահատվածում հանժնաժողովի կողմից կատարված աշխատանքները և սահմանեց մոտ ապագայում մեր համագործակցության հիմնական ուղղությունները: Նիստի ընթացքում քննարկեցինք հայ-ռուսական ռազմավարական համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև նախանշեցինք դաշնակցային համագործակցությունը հարստացնելու գործնական ուղղություններ: Քննարկված հարցերը վերաբերում էին էկոնոմիկայի, էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության, առողջապահության, կրթության, գիտության, մշակույթի և այլ ոլորտներին: Կցանկանայի նշել երկկողմ իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը միտված համատեղ քայլերը և ջանքերը, ինչի շնորհիվ հնարավոր եղավ ընթացիկ տարում ստորագրել նաև միջկառավարական համաձայնագիր, որով կանոնակարգվում են հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման հետ կապված հարցերը»:

Աբրահամյանը նշել է, որ նիստն անցել է փոխըմբռնման և կառուցողական մթնոլորտում: «Մենք դրական ենք գնահատում կատարված աշխատանքը ու ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք հիմնականում ունեն անմիջական կիրառական նշանակություն մեր երկրների տնտեսությունների և տնտեսվարող սուբյեկտների համար: Հուսով եմ, որ ձեռք բերված պայմանավորվածությունները հաջողությամբ կիրականացվեն»,- ասել է ՀՀ վարչապետը:

Իր հերթին, Սոկոլովը շնորհակալություն է հայտնել վարչապետին և նիստի բոլոր մասնակիցներին՝ կառուցողական ու արդյունավետ համագործակցության համար:

«Հայ-ռուսական համագործակցության շրջանակում մենք այսօր անցկացրեցինք միջկառավարական հանձնաժողովի 16-րդ նիստը, բայց հանձնաժողովի աշխատանքն ամենևին չի սահմանափակվում դինամիկ և արդյունավետ նիստերով: Իրականում մեր համագործակցության շրջանակում աշխատանքներ իրականացվում են ամեն օր և ամբողջ տարի: Վերջին տարին, երբ Հայաստանի Հանրապետությունն անդամակցեց Եվրասիական տնտեսական միությանը, ցույց տվեց, թե ինչ լայն հնարավորություններ են բացվում երկկողմ հարաբերությունների ձեւաչափում: Դա վերաբերում է տնտեսական համագործակցության բոլոր ոլորտներին, այդ թվում՝ առևտրային համագործակցությանը: Թեև 2014 թվականի համեմատ մեր առևտրշրջանառությունն աննշան նվազել է, բայց այդ անկումն, այսպես կոչված, թվաբանական է, բացարձակ արտահայտությամբ այն չի նվազել: Պարզապես էներգակիրների միջազգային գներն են ընկել, ուստի գնային իմաստով շեմը նվազել է, սակայն բացարձակ ծավալնելով մեր համագործակցությունն աճում և զարգանում է: Սա վերաբերում է բոլոր բնագավառներին՝ տրանսպորտ, էներգետիկա, ներդրումներ եւ այլն: Անցյալ տարվա ընթացքում ռուսական կապիտալի մասնակցությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում բացվել են մի քանի ձեռնարկություններ: Ներդրումները շարունակվում են, ինչն անշուշտ վկայում է մեր հարաբերությունների բարձր մակարդակի մասին: Որեւէ խնդիր, որը մեր համագործակցության շրջանակում առաջ է քաշվում հայկական կամ ռուսական կողմից, անուշադրության չի մատնվում, և որպես կանոն, գտնվում են դրական ու կառուցողական լուծումներ: Դրա համար էլ կրկին ցանկանում եմ բոլորին շնորհակալություն հայտնել այսօրինակ բարեկամական փոխօգնության և օժանդակության համար և մաղթում, որ բոլորս համատեղ, արդեն ինտեգրացիոն գործընթացների շրջանակում, ակտիվորեն զարգացնենք մեր տնտեսություններն՝ ի բարօրություն մեր երկրների և ժողովուրդների»,- նշել է Սոկոլովը:

Հայերեն Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա