Վերջին ամիսներին Հայաստան է ժամանել 500 սիրիահայ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամռան ամիսներին ավելացել է Հայաստան տեղափոխվող սիրիահայերի թիվը: Մայիսի 12-ին Սիրիայում ավարտվել են դասերը և քննական շրջանից հետո մի շարք ընտանիքներ փոխել են բնակության վայրը` գալով Հայաստան, այլ երկիր կամ էլ Սիրիայի ներսում որևէ անվտանգ շրջան: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը: «Այս պահին Սիրիայից դուրս եկողները շատացել են, իհարկե, բոլորը չէ, որ գալիս են Հայաստան, բայց վերջին 1-1.5 ամսում Հայաստան է ժամանել 500 սիրիահայ: Դա նախորդ մի քանի ամիսների համեմատ մեծ թիվ է»,-ասաց Ֆիրդուս Զաքարյանը: Նա նշեց, որ ներկայում սիրիահայերի թիվը Հայաստանում առնվազն 12.5 հազար է:

Անդրադառնալով հարցին, թե ինչ հատուկ քայլեր են կատարվում նոր ժամանած սիրիահայերի հարմարումը հայրենիքում ապահովելու համար, Ֆիրդուս Զաքարյանը պատասխանեց. «Նրանց հետ նույն աշխատանքն ենք տանում, ինչ նախկինում եկածների: Եթե ունի կացարան, լավ է, եթե ունի կացարանի վարձավճարի խնդիր, հոգում ենք այդ վճարները, իհարկե, մինչև աշխատանք կգտնեն: Իրենց մենք բացատրում ենք, թե ինչ արտոնություններ ունեն: Մասնավորապես, ասում ենք, որ առողջապահությունն իրենց համար անվճար է, բուհում սովորողների ուսման վճարն ենք փոխհատուցում, նախադպրոցական հիմնարկներում նրանց ընդունում են արտահերթ, վիզաների հարցն ենք կարգավորում»:

Ֆիրդուս Զաքարյանը դժվարացավ հստակ նշել, թե նոր ժամանած 500 սիրիահայերից քանիսը մշտական բնակություն կհաստատեն Հայաստանում: Նա ասաց, որ Սիրիայից դուրս եկածների միայն 20 տոկոսն է ժամանել Հայաստան: «Սիրիայում ապրել է 60-80 հազար հայ, այս պահին 17 հազար հայ է մնացել: Կեսից պակասն է, որ Հալեպում են բնակվում, մնացածները Լաթաքիայում, Քեսաբում, Ղամշլիում: Սիրիայի ներսում են տեղափոխվում, Հալեպից տեղափոխվում են այլ հատվածներ, որոնք առավել անվտանգ են»,-ավելացրեց պաշտոնյան:

Ինչ վերաբերում է նրան, որ Սիրիայից Հայաստան տեղափոխված և այստեղ բիզնես գործունեություն ծավալող մի խումբ գործարարներ ունեն դժգոհություններ, Ֆիրդուս Զաքարյանը նշեց, որ տեղյակ են այդ դեպքերին: «Ես չեմ կիսում հիասթափվածների տրամադրությունները: Նրանք այն մարդիկ էին, որ մասնակցել են երկամսյա սեմինարի, որի արդյունքում ծանոթացել են Հայաստանի բիզնես միջավայրին, ցածր տոկոսով վարկեր են վերցրել: Նրանք շուրջ 70 հոգի են, նրանցից մոտ 50-ը կայացել են: Բայց նրանց մի մասը չկարողացավ ճիշտ օգտագործել այդ գումարները»,-նկատեց սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավարը:

Նրա դիտարկմամբ` սիրիահայերը տեղաբնակների համեմատ ավելի լավ են կարողանում վարել բիզնես, քանի որ նախաձեռնող են և ունեն այդ հոգեբանությունը: Չնայած դրան` նրանցից ոմանք չհաջողեցին իրենց գործունեության մեջ: «Եթե նույն գումարը տանք սիրիահայերին ու տեղացուն, սիրիահայերը շահելու են, քանի որ հոգեբանորեն բիզնեսին պատրաստ են: Շատերը չկարողացան այդ գումարները ճիշտ կառավարել: Ես կարծում եմ`իրենք նաև իրենց պիտի մեղադրեն, չասեն միայն բիզնես դաշտն է վատը, բա ինչո ՞ ւ է մի մասի մոտ ստացվում: Իրենք պետք է բոլոր ռիսկերը հաշվի առած լինեին»,-ավելացրեց Ֆիրդուս Զաքարյանը:

Սիրիայում չորս տարի տևող հակամարտության հետևանքով 220 հազար մարդ է սպանվել, 12 միլիոնը հումանիտար օգնության կարիք է զգում, 4 միլիոնը ՝ փախստական են դարձել, 7,6 միլիոնը՝ ներքին տեղահանվածներն են: Այս մասին ապրիլի 24-ին հաղորդել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի՝ մարդասիրական հարցերով տեղակալը` ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում: Պատերազմի հետևանքով մահացել է 100-ից ավելի սիրիահայ: Սիրիայում գտնվող հայ համայնքը մինչ պատերազմը հաշվվում էր մոտ 100 հազար, նրանց մեծ մասը կենտրոնացած էր Հալեպում` շուրջ 70 հազար:

Հայերեն English Русский

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ