Մարզային

Սեւանա լիճ բաց թողնվեց իշխանի «Գեղարքունի» տեսակի 43 հազար հատ մանրաձուկ

3 րոպեի ընթերցում

Սեւանա լիճ բաց թողնվեց իշխանի «Գեղարքունի» տեսակի 43 հազար հատ մանրաձուկ

ԳԱՎԱՌ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Ծովագյուղի լճափնյա տարածքում եւ Շորժայի փրձարարական ցանցավանդակային ձկնաբուծական տնտեսությունում «Սեւանի իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման հիմնադրամ»-ն առաջին անգամ իրականացրեց մանրաձկան բացթողում Սեւանա լիճ:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ` մանրաձկան լիճ բաց թողնմանը ներկա էին ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, «Սեւանի իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման հիմնադրամ»-ի տնօրեն Արշակ Աղաջանյանը, «Սեւանի իշխան» ՓԲԸ տնօրեն Էդուարդ Գևորգյանը ,Գեղարքունիքի մարզպետարանի եւ «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պատասխանատու աշխատակիցներ, ԶԼՄ ներկայացուցիչներ:

Ինչպես «Արմենպրես»-ին ներկայացրեց «Սեւանի իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման հիմնադրամ»-ի տնօրեն Արշակ Աղաջանյանը , Սեւանա լիճ է բաց է թողնվել միջինը 30 գրամ քաշով 43 000 հատ իշխանի «Գեղարքունի» տեսակի մանրաձուկ, որն աճեցվել է Շորժայի փորձարարական ցանցավանդակային ձկնաբուծարանի մայրական կազմից: 40 հազար հատ` 1,2 տոննա ընդհանուր քաշով, «Գեղարքունի» տեսակի մանրաձուկ բաց թողնվեց Ծովագյուղի տարածքում, 3 հազար հատ` Շորժայի ցանցավանդակային տնտեսությունում: «Սեւանի իշխան» ԲԲԸ տնօրենի եւ ՀՀ բնապահպանության նախարարության մասնագետների գնահատմամբ` բաց թողնված մանրաձուկը կենսունակ է եւ ավելի քան 80 տոկոսով հարմարվելու է լճի պայմաններին:»Սա մանրաձկան արտահերթ բացթողում է Սեւանա լիճ: «Սեւանի իշխան» ընկերության հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` առաջիկայում լիճ բաց կթողնվի եւս 200-300 հազար իշխանի մանրաձուկ: Սա ես միանշանակ համարում եմ կարեւոր ծրագիր, եւ եթե մենք առաջիկա տարիներին կարողանանք իրականացնել մանրաձկան մեծ խմբաքանակների բացթողումներ, արդեն կկարողանանք խոսել Սեւանի իշխանի արդյունագործական պաշարների մասին»,-նշեց ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը:

Կարեւորելով Սեւանի իշխանի ձկնապաշարների վերականգնման ծրագիրը` Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը հույս հայտնեց, որ Սեւանի իշխանի պաշարներն արդյունագործական քանակության հասցնելուն զուգահեռ մարզում կստեղծվեն հազարավոր աշխատատեղեր:

«Նախատեսվում է ստեղծել մինչեւ 5 հազար աշխատատեղ` 180-200 հազար դրամ միջին աշխատավարձով»,-հավելեց «Սեւանի Իշխան» ՓԲԸ տնօրեն Էդուարդ Գեւորգյանը: Վերջինիս հավաստմամբ` իշխանի մանրաձկան բացթողումներն իրականացվելու են ամեն տարի, իհարկե, ավելի մեծ ծավալներով` մինչև մի քանի միլիոնի չափով:

ԽոսրովԽլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում