Մշակույթ

Անիի ավերակներում հնչել են հայկական շարականներն ու տաղերը

2 րոպեի ընթերցում

Անիի ավերակներում հնչել են հայկական շարականներն ու տաղերը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական հոգևոր երգերը` շարականներն ու տաղերը հնչել են պատմական հայկական Անի մայրաքաղաքի ավերակներում: Հայ անվանի ջազ-դաշնակահար Տիգրան Համասյանի և Երևանի պետական կամերային երգչախմբի կողմից իրականացվող «Լոյս ի լուսոյ» համերգաշարի մեկնարկը Թուրքիայում տրվել է հունիսի 21-ին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» լրատվականը:

Անիում տեղի ունեցած համերգին հաջորդելու են ևս մի քանիսը` հունիսի 23–ին` Վանի Աղթամար կղզում, հունիսի 25–ին` Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցում, հունիսի 27–ին` Կայսերիի (հայկական Կեսարիա) Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, հունիսի 29–ին` Թուրքիայի միակ հայկական Վաքըֆլը գյուղի հայկական եկեղեցում: Նախագծի ավարտը Թուրքիայում տեղի կունենա հունիսի 30–ին Ստամբուլում` ջազային փառատոնի շրջանակներում:

«Լոյս ի լուսո» խորագիրը կրող համերգաշարը մեկնարկել է ապրիլի 24-ին: Տիգրան Համասյանի և Երևանի պետական կամերային երգչախմբի կատարումները հնչել են աշխարհի տարբեր երկրներում: Դեկտեմբերին համերգային շարքը կամփոփվի ԱՄՆ-ում: Բոլոր համերգները տեսագրվելու և ամփոփվելու են մեկ վավերագրական ֆիլմում: Համերգի ընթացքում հնչում են բացառապես հոգևոր երգերˋ շարականներ ու տաղեր՝ մշակված դաշնամուրի և երգչախմբի համար: 5- 19-րդ դարերի հայ հոգևոր երաժշտությունը նոր շունչ է ստացել Համասյանի թարմ, երիտասարդական և ունկնահաճո մեկնաբանության միջոցով:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում