Մարզային

Սեւանի հանրային լողափերում կհսկեն 35 ջրափրկարարներ

3 րոպեի ընթերցում

Սեւանի հանրային լողափերում կհսկեն 35 ջրափրկարարներ

ԳԱՎԱՌ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Սեւանի հանրային լողափերը, անկախ եղանակային պայմաններից, կբացվեն հուլիսի 1-ին եւ կգործեն անվճար: Դրանք կգործեն 35 ջրափրկարարների վերահսկողությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարարական ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ փրկարարական ջոկատի հրամանատար Արմեն Ճզմաչյանը, հանգստացողների թիվն աճում է հատկապես հանգստյան եւ առավել շոգ օրերին: Լողափերում հանգստացողների անվտանգությունը հոգում են Հայաստանի ջրափրկարարները, ովքեր պատրաստվել եւ պատրաստվում են նոր տարեշրջանին:

Փրկակարական ուժերը համագործակցելու են նաեւ Սեւանա լճի մասնավոր լողափերի սեփականատերերի հետ, ինչի արդյունքում վերահսկողություն կսահմանվի ոչ միայն հանրային, այլ նաեւ` մի քանի մասնավոր լողափերում: Սեւանա լճի շուրջ 800 լողափերից հանրային են համարվում երեքը: Փրկարար ծառայության ջոկատն այս տարի համալրված է 35 փրկարարներով: Սեւանի թերակղզում ստեղծվել է մեկ հենակետ, որտեղից վերահսկվելու է թերակղզու տարածքը: Լողափերում առաջիկա երկու օրերի ընթացքում կտեղադրվեն համապատասխան նշաններ, աշտարակներ, որտեղից կիրականացվեն դիտումներ, եւ կվերահսկվի լողացողների անվտանգությունը: Լողափային տարեշրջանի հետ կապված` վերանորոգվել են փրկարարական մոտորանավակները, պատրաստ վիճակում է գտնվում նաեւ փրկարարական նավը: Ամփոփելով տարվա առաջին կեսը` Արմեն Ճզմաչյանը նշեց, որ 2015 թվականի ընթացքում ստացվել է 96 ահազանգ, որից 62-ը` ձմռանը արգելափակման մեջ հայտնված եւ վթարի ենթարկված մեքենաների քարշակման հետ է կապված եղել: 136 քաղաքացու համապատասխան օգնություն է ցուցաբերվել եւ կատարվել է նաեւ որոնողափրկարարական 31 ելք: Փրկարարական ծառայությունում գրանցվել է մահվան մեկ դեպք: Փրկարարների կողմից դուրս է բերվել ավտովթարի հետեւանքով Դեբեդ գետում հայտնված 65-ամյա Վասիլ Վահանի Սիմոնյանի դին: Իրկանացվել եւ շարունակվում են իրականացվել որոնողափրկարարական աշխատանքներ: Դեռ որոնման մեջ է Սեւանա լճում անհետացած ձկնորս Արմեն Մարգարյանը: Փրկարարներին հաջողվել է փրկել վեց ձկնորսի կյանք:Հատուկ ջրափրկարարական ջոկատի հրամանատարը հորդորում է հանգստացողներին, որ նրանք լողան թույլատրելի ու մարդաշատ լողափերում, որտեղ շուրջօրյա աշխատում են փրկարարները, իսկ պատահար նկատելու դեպքում անհապաղ զանգահարեն 911 հեռախոսահամարով:

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում