Գյումրիում բացվել է Քյոթահիայի և Իզնիկի ավանդույթները շարունակող խեցեգործական աշխատանքների ցուցադրությունը
3 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ<19 ՀՈՒՆԻՍԻ< ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գյումրու «Ասլամազյան քույրերի պատկերասրահ»-ում, հունիսի 19-ին բացվեց Արփինե Պապյանի խեցեգործական աշխատանքների ցուցադրությունը: Ինչպես ցուցադրության, այնպես էլ Գյումրիում այն արհեստագործական արվեստանոցի ստեղծման նախաձեռնությունն ու գաղափարը, որտեղ ստեղծվել են խեցեգործության տվյալ յուրահատուկ աշխատանքները, Իտալիայի պատվո հյուպատոս Անտոնիո Մոնտալտոյինն ու «Գյումրիի ընկերներ» հիմնադրամինն է: Սափորները, բաժակները, սրճամանները և այլ գործերը խեցեգործության յուրահատուկ նմուշներ են, որոնք ոչ միայն կզարդարեն ցանկացած բնակարան՝ որպես սպասքի մաս, այլ նաև արվեստի գործ են՝ յուրահատուկ է եզակի, նուրբ նախշերի շնորհիվ: Սրանք նախշեր են, որոնք հատուկ էին միայն Քյոթահիայի և Իզնիկի խեցեգործ վարպետներին: Ցավոք, այսօր Քյոթահիայի և Իզնիկի հայերի հազարամյա արվեստը պահպանողները շատ քիչ են: Հենց այդ բացառիկ արվեստի պահպանման փորձ է նաև Գյումրիում 2014 թվականին Անտոնիո Մոնտալտոյին նախաձեռնությամբ ստեղծված խեցեգործության արհեստանոցը:17-րդ դարի վերջերին ստեղծված այս արհեստը Երուսաղեմ գաղթած հայ ընտանիքների շնորհիվ պահպանվել է, բայց արդեն միայն Երուսաղեմում: Հայաստանում այս արհեստին նոր շունչ տալ փորձում է Արփինե Պապյանը, ով ավելի քան 13 տարի է, ինչ զբաղվում է խեցեգործությամբ նախ Սպիտակում, ապա՝ Գյումրիում: Վերջին երեք տարիների ընթացքում, որպես նախասիրություն, արվեստագետը խեցեգործության մեջ ընտրել է Արևմտյան Հայաստանից եկած նախշերը: Գյումրիում արդեն կան երիտասարդ արվեստագենտներ, ովքեր փորձում են խեցեգործության կենտրունում նախ պարզել խեցեգործության գաղտնիքները, ապա հմտանալ Քյոթահիայի նախշերի մեջ: Նպատակ կա վերարտադրված աշխատանքները ոչ միայն ցուցադրել, այլ նաև արտահանել և վաճառել Եվրոպայում: Ցուցահանեդեսի բացման ժամանակ «Գյումրիի ընկերներ» հիմնադրամի խորհրդի անդամ, համահիմնադիր Մանուել Փամոկջյանը նշեց. «Սա հնարավորություն կտա ոչ միայն Գյումրիում նոր աշխատատեղեր ստեղծելու, այլ նաև այս յուրօրինակ աշխատանքները ճանաչելի դարձնելու Եվրոպայում: Սա նաև Գյումրիում զբոսաշրջությունը զարգացնելու փորձ է»:Ցուցադրությանը ներկայացված է ավելի քան 60 աշխատանք, որոնք համեմատաբար նոր գործեր են: «Առաջին հայացքից՝ թեև նախշերը կարող են շատերին պարզունակ թվալ, բայց բավական բարդ են ու աշխատատար, թեև ես այնքան սիրով եմ դրանք անում, որ նույնիսկ չեմ նկատում բարդությունը»,-»Արմենպրես»-ի հետ զրույցում անկեղծացավ Արփինե Պապյանը:


Արմենուհի Մխոյան