Գեղարքունիքի մարզի դպրոցականների առաջին հերթափոխը մեկնեց «Հասմիկ» հանգստյան ճամբար
1 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գեղարքունիքի մարզպետարանի շենքի դիմացի հրապապարկից այսօր առավոտյան Հանքավանի «Հասմիկ» ճամբար հանգստի ճանապարհվեց մարզի դպրոցականների առաջին հերթափոխը: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ` առաջին հերթափոխի 115 երեխաներին հանգստի ճանապարհեց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: Համաձայն ՀՀ վարչապետի 2015 թվականի մայիսի 19-ի` դպրոցականների ամառային հանգստի կազմակերպման մասին թիվ 400 որոշման՝ Հանքավանի ճամբարում նախատեսված է կազմակերպել զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների, ծնողազուրկ եւ անապահով ու բազմազավակ ընտանիքների 7-13 տարեկան երեխաների ամառային հանգիստը: «Մեր երեխաները հանգստի կմեկնեն 3 հերթափոխով, յուրաքանչյուրը 20 օր տեւողությամբ: Ամառային հանգստի մեկնողների ցուցակում ընդգրկվել են այն երեխաները, որոնց համար համայնքապետարանների կողմից Գեղարքունիքի մարզպետարան հայտ է ներկայացվել: Ամեն ինչ արվում է, որպեսզի հանգստացող երեխաների ընտրությունը կատարվի կառավարության կողմից սահմանված չափորոշիչների հիման վրա»,-»Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Գեղարքունիքի մարզպետը:
Խոսրով Խլղաթյան