Գեղարքունիքի մարզպետի մոտ քննարկվեցին համայնքներում բարձրացված հիմնահարցերի ուսումնասիրության արդյունքները
2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի մոտ կայացած խորհրդակցության ընթացքում, մարզպետի կարգադրությամբ ստեղծված աշխատանքային խմբի անդամները ներկայացրին համայնքներում բարձրացված հիմնահարցերի ուսումնասիրության արդյունքները եւ հանձնարարականներով նախատեսված առաջարկությունները: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ` Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առանձին ստորաբաժանումների ղեկավարներից կազմված աշխատանքային խումբը մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի կողմից կատարված աշխատանքային այցերի ընթացքում բարձրացված հիմնահարցերն արդեն ուսումնասիրել է Սոթք, Կութ, Ազատ,Շատվան եւ Նորաբակ համայնքներում:
«Պետք է լինել հետեւողական բարձրացված յուրաքանչյուր հարցի շուրջ, անպայման լինել համայնքներում, հանդիպել հիմնահարցերը բարձրացրած քաղաքացիներին, նրանց տալ հստակ ու համաչափ պատասխան, հնարավորության սահմաններում լուծում տալ խնդիրներին»,- հրահանգեց Ռաֆիկ Գրիգորյանը՝ հավելելով, որ հարցերի լուծման հետագա ընթացքը լրացուցիչ իր կողմից կստուգվի տեղում:
Այնուհետեւ մարզպետն աշխատանքային խմբին հանձնարարեց հարցերի ուսումնասիրման եւ առաջարկությունների ներկայացման նպատակներով աշխատանքները շարունակել Շատջրեք, Գեղամաբակ, Այրք, Վերին Շորժա, Ներքին Շորժա,Կալավան, Դպրաբակ, Ձորավանք, Անտառամեջ համայնքներում:
ԽոսրովԽլղաթյան