Մարզային

Գյումրու մանկավարժականի ռեկտորի եղբոր սպանության գործով դատավարությունը չկայացավ

2 րոպեի ընթերցում

Գյումրու մանկավարժականի ռեկտորի եղբոր սպանության գործով դատավարությունը չկայացավ

ԳՅՈՒՄՐԻ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում հունիսի 18-ին շարունակվելու էր Հարություն Գրիգորյանի սպանության գործով դատավարությունը: Գյումրու մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդևան Գրիգորյանի եղբայր` Հարություն Գրիգորյանն սպանվել էր 2014 թվականի հուլիսի 24-ին՝ Գետք գյուղի լքված անասնագոմի տարածքում:

Հանցագործությունը կատարելու մեջ մեղադրվում է Շիրակի մարզի ռազմական ոստիկանության քրեական հետախուզության արդեն նախկին պետ Արման Կաթունյանը, որին խանդի հողի վրա կատարած սպանության համար մեղադրանք էր առաջադրվել դիտավորյալ սպանության` ՀՀ ՔՕ 104 հոդվածով: Ավելի ուշ, նախաքննությամբ ձեռքբերված ապացույցների հիման վրա և դատահոգեբանական ու դատահոգեբուժական փորձաքննության արդյունքում՝ մեղադրանքը վերաորակավորվել է կուտակային հոգեբանական խիստ հուզման՝ աֆեկտի պահին կատարված հանցագործության՝ ՀՀ ՔՕ 105 հոդվածի: Սա հիմք է հանդիսացել մեղադրական հոդվածի և ինքնաբերաբար նաև խափանման միջոցի փոփոխության:

Արման Կաթունյանը, վերաորակավորման շնորհիվ, արդեն մեկ ամիս է, ինչ կալանքի տակ չի գտնվում: Դատական այս նիստին չէին ներկայացել ինչպես ամբաստանյալն, այնպես էլ պաշտպանները, իսկ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Լիպարիտ Սիմոնյանը նախապես դիմում էր ներկայացրել՝ խնդրելով դատական նիստը հետաձգել: Հարգելի պատճառով դատական նիստին չներկայանալու մասին հեռախոսազանգով տեղեկացրել էր նաև պաշտպաններից մեկը, մինչդեռ ամբաստանյալի բացակայության մասին նախնական տեղեկություն չի եղել:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց հուլիսի 3-ին:

Արմենուհի Մխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում