Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնն իրականացնում է Kodu ծրագրավորման դասընթաց
2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ,18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնն իրականացնում է Kodu ծրագրավորման դասընթաց: Մայիսից, պիլոտային մեկամսյա ծրագրի շրջանակներում, ծրագրավորման հիմունքներ, խաղերի և անիմացիայի պատրաստում, ալգորիթմական մտածելակերպի ձևավորմանն ուղղված դասընթացներին մասնակցել են Գյումրու 4 դպրոցների 141 յոթերորդ դասարանցիներ: Դասընթացների ընթացքում աշակերտները բաժանվել են թիմերի և ստեղծել են իրենց նախընտրած թեմաներով խաղեր: Լավագույն խաղերի ցուցադրման հնարավորությունը ևս տրված էր երեխաներին: Հունիսի 18-ին կենտրոնում երեխաները ցուցադրեցին 9 խաղ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի ծրագրերի համակարգող Մարիամ Նահապետյանը, ծրագիրը կրելու է շարունակական բնույթ, բայց արդեն Գյումրիի բոլոր դպրոցներում: «Այս ծրագիրը ապացույցն է այն բանի, որ Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնի գործունեության կարևորագույն ուղղություններից է մասնագիտական կարողությունների զարգացումը և տարբեր կրթական ծրագրերը:Այս ծրագիրը ևս, մի շարք ալ ծրագրերի հետ մեկտեղ, ուղղված է երիտասարդների հմտությունների ու գիտելիքների զարգացմանը: Մեր նպատակն է սեպտեմբերից մյուս դպրոցներում ևս իրականացնել այս ծրագիրը՝ ավելացնելով նաև մասնագիտական ուղղությունները, ինչպես նաև՝ սրանով երեխաներին վարժեցնել թիմային աշխատանքի: Քանի որ սա փորձնական էր, պետք էր հասկանալ երեխաների նախասիրություններն ու հնարավորությունները, իսկ նրանց հնարավորությունները մեծ են, և կարող ենք ավելի շատ ծրագրեր իրականացնել»,- նշեց Մարիամ Նահապետյանը՝ ավելացնելով, որ թեև Kodu ծրագիրն իրենից բարդություն չի ներկայացնում, սակայն ստեղծարար մոտեցումներ, այնուամենայնիվ շատ երեխաներ են ցուցաբերել:
Արմենուհի Մխոյան