Մարզային

Արարատի մարզում մեկնարկել են կրթական օբյեկտների շինարարական աշխատանքները

2 րոպեի ընթերցում

Արարատի մարզում մեկնարկել են կրթական օբյեկտների շինարարական աշխատանքները

ԱՐՏԱՇԱՏ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Արարատի մարզում պետբյուջեի միջոցներով 2015 թվականին նախատեսված կրթական օբյեկտների յոթ ծրագրի շինարարական աշխատանքների իրականացման համար անցկացվել է առցանց բաց ընթացակարգով մրցույթ, որում հաղթող է ճանաչվել վեց կազմակերպություն:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արարատի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Լեւոն Խաչատրյանը պարզաբանեց, որ մեկ տեղի համար ունեցել են մինչեւ 14 մասնակից: Մրցույթին մասնակցել է 29 կազմակերպություն: «Յոթ մասնակցից բաղկացած հանձնաժողովը մանրակրկիտ ուսումնասիրություններ է իրականացրել, ստուգել ծավալաթերթերը, մասնակիցների՝ նախկինում կատարած նմանատիպ աշխատանքները, նաեւ հաշվի առվել այն հանգամանքը, թե որ կազմակերպությունը տվյալ շինարարական աշխատանքն առավել պակաս գումարով կիրականացնի: Մրցույթի արդյունքում ունեցել ենք 68 մլն դրամի տնտեսում»,-ասաց վարչության պետը:

Հունիսի սկզբին արդեն մեկնարկել են վեց դպրոցի եւ մեկ մանկապարտեզի շինարարական աշխատանքները: Վարչության կողմից իրականացվում է ամենօրյա վերահսկողություն, կատարված եւ կատարվելիք աշխատանքների մասով զեկուցվում մարզպետին: «Մեզ համար առաջնային խնդիր է բարեխիղճ աշխատանքը և շինարարության որակը»,-ընդգծեց Խաչատրյանը՝ ավելացնելով, որ մինչեւ սեպտեմբերի 1-ը դպրոցներում կկատարվեն ուժեղացման, ներքին հարդարման աշխատանքներ, որպեսզի նոր ուսումնական տարում չխաթարվի դասապրոցեսը, իսկ բակերի հարդարման եւ դրսում կատարվող աշխատանքները կշարունակվեն նաեւ աշնանը:

Կրթական օբյեկտների յոթ ծրագրի համար պետբյուջեից տրամադրվել է 219 մլն 948 հազար դրամ գումար: Շինարարական աշխատանքներ կիրականացվեն Նոյակերտ, Արմաշ, Ուրցաձոր, Խաչփառ, Զորակ, Դարակերտ համայնքների դպրոցներում եւ Արմաշի մանկապարտեզում: Խաչատրյանն ասաց, որ մրցույթի արդյունքում տնտեսված գումարը կօգտագործվի մեկ այլ առաջնային հարց լուծելու նպատակով:

Լիլիթ Մաճկալյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում