Կալավանում այս տարի սպասվում է մինչեւ 2500 օտարերկրյա զբոսաշրջիկների այց
2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Կալավան գյուղում այս տարի սպասվում է ավելի քան երկու հազար զբոսաշրջիկների այց: ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Կալավան գյուղում գործող «Թայմլենդ» գիտաուսումնական հիմնադրամի տնօրեն Ռոբերտ Ղուկասյանը, նախորդ տարի միջազգային տուրիստական եւ այլ ուղղվածության կազմակերպությունների, Հայաստանում ԱՄՆ եւ Գերմանիայի դեսպանատների հետ համագործակցությամբ Կալավան են այցելել 1007 զբոսաշրջիկներ, որոնցից մոտ 400-ը եղել են տուրիստական օպերատորների խմբերով այցելած զբոսաշրջիկներ, 100-ը` հայաստանցիներ եւ 500-ը` արտասահմանյան 17 երկրներ ներկայացնող անհատ զբոսաշրջիկներ: Նրանք այցելել են Կալավանի տարածքում գտնվող պատմական հուշարձաններ, բնության տեսարժան վայրեր, ընտանիքիներ, գյուղում գիշերել 3-7 օր տեւողությամբ` բնակիչների տներում կամ գիշերակացի համար ձեռք բերված վրաններում:
«Կատարված գործուն քայլերի եւ Կալավանի հրապույրներն աշխարհի տարբեր երկրների ներկայացնելու շնորհիվ այս տարի մենք սպասում ենք զբոսաշրջիկների կրկնակի ավելի հոսք: Փորձելու ենք հարստացնել տուրիզմի ուղղությունները` հնագիտական, գյուղատնտեսական, բնապահպանական: Քանի դեռ անբարեկարգ է գյուղ մտնող ճանապարհը, փորձելու ենք ներդնել քայլարշավի եւ հեծանվաարշավի կազմակերպումը, ավելացնել վրանային գիշերակացի հնարավորությունները, այլապես տուրիստների նման հոսքի սպասարկումը դժվար կլինի կազմակերպել պահանջվող որակով»,- նշեց Ռոբերտ Ղուկասյանը:
Կալավան զբոսաշրջիկների հոսքը կսկսվի հունիսի երրորդ տասնօրյակում եւ շարունակվելու է մինչեւ հոկտեմբերի երկրորդ կեսը:
ԽոսրովԽլղաթյան