Սարուխան գյուղում պահպանվում է ֆիդայի Հովհաննես Ավետիսյանի լուսանկարը
3 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անդրանիկ զորավարի բազմաթիվ լուսանկարներից մեկը բացառիկ է այն իմաստով, որ նկարի լուսանցքում նշված է ու ցույց տրված բոլոր նրանց անունները, ովքեր կան լուսանկարում, այդ թվում՝ Սարուխան գյուղի բնակիչ Հովհաննես Ավետիսյանինը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Սարուխան գյուղի բնակիչ, ազգագրագետ Խաչիկ Ենգիբարյանն, այդ լուսանկարը, որը տպագրված է Կ.Մկրտչյանի, Վ.Հարությունյանի եւ Ս. Միրզոյանի կողմից հեղինակած եւ 1990 թվականին Երեւանում հրատարակած «Զորավար Անդրանիկ» գրքույկի 15-րդ էջում, եվս մեկ անգամ գալիս է փաստելու, որ Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղի բնակիչ Հովհաննես Ավետիսյանն իրոք եղել է ֆիդայական շարժման մեջ:
Լուսանկարվածները տասներեքն են` ֆիդայական շարժման ճանաչված ընտրախավը՝ Առաքել, Սեպուհ, Սամսոն, Մուրատ, Մալխաս եւ այլոք: Այդ շարքի մեջ է նաեւ Հովհաննես Ավետիսյանը: Նրանց ընտանիքը գաղթել է Արեւմտյան Հայաստանի Զանգիզոր գյուղից: 1895 թվականին նա գրկանոցի երեխա էր: Մայրը՝ Դիլբարը, զրկանքներ կրելով, փրկել է փոքրիկ Հովհաննեսին եւ քրոջը՝ Անուշին: Նրա հետ փրկվել էին նաեւ հորեղբոր զավակները՝ Ավետիսը եւ Գեւորգը, բոլորն էլ՝ անչափահաս: Գաղթի ճանապարհին ընտանիքի բոլոր տղամարդիկ սպանվել են:
Աչքաբաց Հովհաննեսը մեծացել էր, եւ արդեն հասել էր դարավոր թշնամու հետ հաշիվներ մաքրելու ժամանակը: 1912 թվականին Բուլղարիայի աշխարհազորայինների հետ կազմավորվեց 275 հայ կամավորներից բաղկացած վաշտը: Նրանց ոչ ոք չէր պարտադրում գնալ արյունոտ խնջույքի, բայց Անդրանիկ զորավարի վաշտը հպարտորեն քայլում էր՝ ծածանելով դրոշը: Հետագայի հիշատակությունները բացակայում են, եւ Հովհաննեսին տեսնում ենք բազմաթիվ լուսանկարների մեջ՝ երբեմն նմանեցնելով կամ նմանություն գտնելով, երբեմն զինվորների, Անդրանիկի հարվածող զորամասի հրամանատարների շարքում, թերթի հոդվածին կից լուսանկարում, սպայակույտի անդամների մեջ, Գորիսի զինվորական խորհրդի անդամների հետ, Գեւորգ Ե կաթողիկոսի կողմից հայ կամավորականներին օրհնելիս, առաջին կամավորական գնդի հրամանատարների լուսանկարում /1922թ./, Անդրանիկի հարսանյաց հանդիսությանը /1922թ./:
Ըստ Անդրանիկ զորավարի տուն- թանգարանի տնօրեն Խաչիկ Բեգլարյանի՝ կամավորների համար ցուցակներ չեն կազմվել ու պահպանվել, միայն կցկտուր անուններ են նշվում ոչ նշանավոր դեպքերի համար: «Բեգլարյանի արխիվային ցուցակներում միայն մի անուն էր պահպանված՝ Օհաննես Ավետիսյան-Պրուսա, Պիտփս, այլ Հովհաննես չհաջողվեց տեսնել փնտրած ցուցակում: Բայց մի բան հայտնի է, որ Հովհաննեսի անունը կապված է Անդրանիկ զորավարի գործունեության հետ: Սարուխանցու բազուկը կռվել է ազգի ազատության, սիրո ու հավատի համար: Նրա տարիների անհայտությունից լուսավոր մի շող է նոր միայն հասել մեզ»,- նշեց Խաչիկ Ենգիբարյանը:
Հովհաննես Ավետիսյանի նկարը սրբորեն պահպանվում է Սարուխանում, նրա հորեղբոր որդու` Ավետիս Ավետիսյանի տանը: Նրա կյանքի հետագա ճակատագրի մասին հարազատներն այլ տեղեկություններ չունեն:
ԽոսրովԽլղաթյան