Մարզային

Գյումրու մանկավարժականի ավագ դպրոցում ճապոներեն կդասավանդեն

2 րոպեի ընթերցում

Գյումրու մանկավարժականի ավագ դպրոցում ճապոներեն կդասավանդեն

ԳՅՈՒՄՐԻ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում կստեղծվի ճապոներեն սովորելու հնարավորություն: Նախատեսված է լեզվի դասավանդման հատուկ դասարան բացել Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի ավագ դպրոցում: Այդ նպատակով հունիսի 17-ին Գյումրիում էր ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին: Նա ճանաչողական այցի շրջանակներում, այցելել է ինստիտուտ:

Ավելի ուշ դեսպանին ընդունեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Ողջունելով հյուրին` Սամվել Բալասանյանը նախ շնորհավորեց դեսպանին նշանակման, ապա ընդհանրապես Հայստանում Ճապոնիայի դեսպանատան բացման առթիվ՝ ընդգծելով դիվանագիտական ներկայացուցչության անհրաժեշտությունը հայ-ճապոնական հարաբերությունների խորացման հարցում: Խոսելով Գյումրիի և ճապոնական քաղաքներից մեկի, օրինակ, «բախտակից» Սենդայի հետ քույր քաղաք դառնալու և հետագա համագործակցության մասին, Գյումրու քաղաքապետը, որպես կարևոր ուղղություն, ընդգծեց սեյսմիկ ոլորտում փոխգործակցությունը: Համագործակցություն Սամվել Բալասանյանը տեսնում է նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում:

Էյջի Տագուչին իր հերթին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար` վստահեցնելով« որ նույնպես կողմ է տարբեր ոլորտներում արդյունավետ համագործակցային կապերի ստեղծմանն ու ամրապնդմանը: «Սա իմ առաջին այցն է Գյումրի, բայց վերջինը չի լինի: Անչափ գեղեցիկ քաղաք է: Երևանից Գյումրի ճանապարհն էլ շատ գեղեցիկ էր: Հուսով եմ, ընդհանուր շատ բան կգտնենք ու կհամագործակցենք: Անպայման կփոխանցեմ Գյումրիի՝ Ճապոնիայում քույր քաղաք ունենալու առաջարկը: Կարծում եմ, դա լավ սկիզբ կլինի համագործակցության»,- նշեց դեսպանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:

Արմենուհի Մխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում