Մարզային

Արարատցի երեխաները մեկնում են ամառային ճամբարներ

2 րոպեի ընթերցում

Արարատցի երեխաները մեկնում են ամառային ճամբարներ

ԱՐՏԱՇԱՏ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Արարատի մարզի սոցիալապես անապահով, ծնողազուրկ, հաշմանդամ եւ վիրավոր ազատամարտիկների ընտանիքների 7-13 տարեկան 125 երեխաներ հունիսի 19-ին առաջին փուլով կմեկնեն Հանքավանի «Հեքիաթային կիրճ» մանկական առողջարարական ճամբար: 20 օրվա ընթացքում երեխաները, զովաշունչ բնությունը վայելելուց բացի, կմասնակցեն կազմակերպվող էքսկուրսիաներին, կծանոթանան պատմամշակութային արժեքներին, կմասնակցեն սպորտային տարբեր խաղերին, պոեզիայի ցերեկույթներին:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում մարզպետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության բաժնի պետ Գեղամ Միրզոյանն ասաց, որ ինչպես նախորդ տարիներին, այս տարի եւս, ՀՀ կառավարությունը վերոհիշյալ կարգավիճակով երեխաներին հնարավորություն կընձեռի երեք փուլով հանգստանալու առողջարարական ճամբարում: 2014 թվականին վերոհիշյալ ճամբարում, ընդհանուր առմամբ, երեք փուլով իրենց հանգիստն են անցկացրել մարզի 345 երեխաներ: Միրզոյանը, կարեւորելով ամառային արձակուրդների ընթացքում` մանավանդ այս խմբին պատկանող երեխաների նմանօրինակ հանգստի կազմակերպումն, ասաց, որ սա լավագույն նվերն է նրանց: Բացի առօրյան հագեցած անցկացնելուց, նրանք ծանոթանում են ճիշտ եւ առողջ ապրելակերպին, ազգային սովորույթներին, նաեւ ձեռք բերում ընկերներ ու մտերիմներ:

Մարզի 19 երեխաներ իրենց ամառային ակտիվ հանգիստը կանցկացնեն նաեւ «Տիրամայր Հայաստան» բարեգործական ճամբարում: 15 օրով իրականացվող հանգստին երեխաները կմեկնեն երկու փուլով:

Պատանիները ճամբարներ կմենկնեն նաեւ ԵԿՄ վարչության միջոցներով: Արարատցի 30 պատանի երկրապահներ այս պահին իրենց հանգիստն են անցկացնում Սեւանի ավազանի «Ծովինար» հանգստյան տանը: Ութ օրվա ընթացքում պատանի երկրապահները կանցկացնեն ռազմամարզական խաղեր, կհարստացնեն ռազմահայրենասիրական գիտելիքները: Ամռան ընթացքում եւս 60 պատանի երկրապահներ 2-րդ եւ 3-րդ փուլով կմեկնեն վերոհիշյալ հանգստյան տուն:

Լիլիթ Մաճկալյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում