Ազգային արխիվը Սեւակի տուն-թանգարանին կնվիրի նրա դիմաքանդակը
3 րոպեի ընթերցում

ԱՐՏԱՇԱՏ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Անվանի հայ բանաստեղծ Պարույր Սեւակի մահվան քառասունչորսերորդ տարելիցի կապակցությամբ, ինչպես ամեն տարի` այս տարի եւս, Արարատի մարզային կառուցի ղեկավարները` մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի գլխավորությամբ կլինեն Սեւակի ծնդավայր Զանգակատուն համայնքում: Վաղը` հունիսի 17-ին կազմակերպվելիք հանդիսավոր արարողությանը ներկա կլինեն մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության աշխատակիցները, Հայաստանի գրողների միության ներկայացուցիչները, հյուրեր, Սեւակի պոեզիայի սիրահարները: Ներկա կլինի նաեւ Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան տնօրեն Կարեն Արիստակեսյանը, ՀՀ ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը, ով տուն-թանգարանին կնիվիրի Պարույր Սեւակի դիմաքանդակը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` մինչ տուն-թանգարանում լինելը, մարզի ղեկավարությունը եւ հյուրերը Սեւակի մահվան պատճառ դարձած ավտովթարի վայրում գտնվող հուշաքարի մոտ իրենց խոնարհումը կարտահայտեն` ծաղիկներ դնելով:
Նրանք այնուհետեւ կմասնակցեն Սեւակի հայրենի տան բակում կազմակերպվելիք մեծածավալ միջոցառմանը: Ամեն տարի մարզային կառույցի ղեկավարները Զանգակատանը լինում են նրա ծննդյան օրը` հունվարի 24-ին եւ մահվան օրը` հունիսի 17-ին:
Պարույր Սեւակը (Պարույր Ղազարյանը) ավտովթարի է ենթարկվել 1971 թվականի հունիսի 17-ին, տիկնոջ եւ երկու որդիների հետ հայրենի Զանգակատուն (Չանախչի) գյուղից Երասխավան տանող ճանապարհի 8-րդ կիլոմետրին: Բանաստեղծն ու իր կինը` ազգությամբ վրացուհի Նելլի Մենաղարաշվիլին զոհվեցին, իսկ երկու տղաները փրկվեցին: Սեւակի մահվան հանգամանքները մինչ օրս հստակորեն բացահայտված չեն: Նա ծնվել է 1924 թվականի հունվարի 24-ին:
Սեւակը գրել-կարդալ սկսել է հինգ տարեկանից: Տասնմեկ տարեկանից արել է ստեղծագործելու առաջին փորձերը: 1940 թվականին դպրոցը գերազանցությամբ ավարտելով՝ ընդունվում է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետ: 1955 թվականին ավարտում է Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտը: 1970թ-ին ստանում է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական կոչում: 1963-1971թթ. աշխատում է Հայաստանի գիտությունների ակադեմիայի Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում` որպես ավագ գիտաշխատող, 1966թ-ից եղել է Հայաստանի գրողների միության վարչության քարտուղարը: Մահացել է 1971թ-ի հունիսի 17-ին: Թաղված է հայրենի գյուղում:
Սեւակի գրչին են պատկանում «Անմահները հրամայում են», «Մարդը ափի մեջ», «Անհաշտ մտերմություն», «Սիրո ճանապարհը», «Եղիցի լույս» ժողովածուները, «Անլռելի զանգակատուն», «Եռաձայն պատարագ» պոեմները եւ շատ ուրիշ հայտնի ու սիրված ստեղծագործություններ:
Լիլիթ Մաճկալյան