Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-2/20. «Սերը Մոսկվայում»

3 րոպեի ընթերցում

«Նոր գիրք»-2/20. «Սերը Մոսկվայում»

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը շարունակում է ներկայացնել «Նոր գիրք» նախագիծը: Այն տեղեկություններ է հաղորդում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գեղարվեստական գրքերի մասին: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ և ծանոթանալ դասական երկերին ու արդի գրականության զարգացման միտումներին: Մեր ցանկերից ընտրեք այն գրքերը, որոնք ձեզ դուր են գալիս և սկսեք ընթերցել: Այս շաբաթ «Արմենպրես»-ը դարձյալ առանձնացրել է նոր հրատարակած երկու ուշագրավ գիրք՝ երկու խորագրի ներքո:

Ժամանակակից գրականություն

Վահրամ Մարտիրոսյան, «Սերը Մոսկվայում»

Կարող է զարմանալի թվալ, բայց... հայ արձակում սիրավեպեր չկան: Կամ այնքան հազվադեպ են, որ դժվար է միանգամից հիշել: Վահրամ Մարտիրոսյանի նոր վեպի վերնագրի երանգը հուշում է, որը ամենաանհավանական արկածն է, որ կարող է պատահել Մոսկվայում, բայց այն իսկապես սիրո պատմություն է: Վեպի հերոսները սիրահարվում են և երջանիկ են միասին, ասես անկշռելիության թաղանթում, մինչև այն ճեղքում ու ներս է թափանցում իրականությունը՝ երեկ աշխարհակալ-միաձույլ – այսօր ազգային հակասություններից, սոցիալական անարդարությունից ու բռնություններից ծվատվող մեգապոլիսը: Խմբագիր՝ Արքմենիկ Նիկողոսյան: Գիրքը հրատարակել է «Անտարես»-ը:

Դասական ստեղծագործություններ

Հարփըր Լի , «Ծաղրասարյակ սպանելը... »

Վեպի գործողությունները ծավալվում են ամերիկյան մի փոքր քաղաքում համեստ մի ընտանիքի պատմության շուրջ: Իննամյա հերոսուհու աչքերով հետևելով վեպի իրադարձություններին` սկսում ես խորհրդածել այնպիսի լուրջ հարցերի շուրջ, ինչպիսիք են հանդուրժողականությունը, արդարադատությունը, բարությունը, խիղճն ու պարտքի զգացումը: Եվ ի վերջո, տող առ տող, վեպի՝ ասես պարտադրող ինքնաքննության ճանապարհով, համաձայնում ես երեխայի այն վերլուծությանը, որին նա հանգում է երեք տարվա փորձառության, իսկ դու` ընթերցանությունից ստացած հոգեկան փորձի արդյունքում. «Մենք դեռ էլի ենք մեծանալու, բայց մեզ սովորելու քիչ բան է մնացել թերևս միայն հանրահաշիվը»: Գիրքը հրատարակել է «Զանգակ»-ը:

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում