ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում հունիսի 14-ին` ժամը 08.11-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ-Բեկ փողոցում` «Թոխմախի» գերեզմանատան խաչմերուկում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի 34VD302 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` Է. Ա., ծնված 1988թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, շրջվելով բախվել գազատար խողովակին, այնուհետև Դավիթ-Բեկ փողոցի թիվ 51 հասցեի մոտակայքում գտնվող ծաղկի սրահի պատին:
Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը, վարորդ Ե.Ա.-ն ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից. հոսպիտալացման անհրաժեշտություն չի առաջացել: Հրշեջ-փրկարարները ժամանակավորապես դադարեցրել են գազի խողովակի արտահոսքը և հոսանքազրկել ավտոմեքենան: