Մարզային

Գավառի Սուրբ Կարապետ եկեղեցու բակում նշանավոր հայագետ է թաղված

3 րոպեի ընթերցում

Գավառի Սուրբ Կարապետ եկեղեցու բակում նշանավոր հայագետ  է թաղված

ԳԱՎԱՌ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Նախկին մանկավարժ, ազգագրագետ, Սարուխան գյուղի բնակիչ Խաչիկ Ենգիբարյանը վերջին տարիներին զբաղվել է Գավառ քաղաքի սուրբ Կարապետ եկեղեցու բակում ավելի քան 120 տարի առաջ թաղված Սարգիս Սարգսյանցի ծավալած գործունեության ուսումնասիրմամբ: «Ես մտածել եմ, որ այն ժամանակներում եկեղեցու բակում ոչ հայտնի, պատահական մարդկանց չէին թաղում, իսկ ինձ միշտ հետաքրքրում էր այդ անձի ով լինելը»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Խաչիկ Ենգիբարյանը:

Գավառի Սուրբ Կարապետ եկեղեցու բակի տապանաքարի արձանագրությունը հետեւյալն է. «Տապանը հաշտարար դատավորի` Երեւանյան գավառի Կոլլեժսկի Ասեսսոր Սարգիսի Սարգսյանցի՝ ծնվ. Նուխի, 1833 թ. 6-ապրիլի, վխճ. 1894 թ. 17-օգոստոսի»: Նույնը գրված է նաեւ ռուսերեն :

«Նախ, պարզաբանենք, որ արձանագրության մեջ կոլլեժսկի ասեսսոր՝ դատական ատենակալի պաշտոնը ութերորդ կարգի աստիճանավորի պաշտոն է ցարական Ռուսաստանում: Նման աստիճանավոր եղել է Խաչատուր Աբովյանը, ինչպես նաեւ` երեւանցի տոհմական ազնվական Ղահրաման Աղամալյանը: Տարբեր արխիվներից ու փաստաթղթերից տեղեկացել եմ, որ Սարգիս Սարգսյանցը Ռուսական Կայսրության կողմից 1868 թվականին Երեւան գավառի դատարաններում զբաղեցրել է ատենակալի պաշտոն, իսկ տարբեր ժամանակներում պաշտոնավարել է նաեւ արքունի գանձարանում, ռազմական դատարաններում, եղել կոլեգիական խորհրդական : Մեր ուսումնասիրությունը հանգեցրեց նրան, որ Սարգիսը, բացի պետական պաշտոնյա լինելուց, եղել է նաեւ հայտնի մտավորական: Նա ուսումնասիրել է Ագուլիսի լեզուն: Սարգիս Սարգսյանցի ուսումնասիրած լեզվաբանական հետազոտության առաջին մասը՝ «Ագուլեցոց բարբառը եւ Զոկերի լեզուն» աշխատությունը հրատարակվել է Մոսկվայում: Զոկերի լեզվախմբի բարբառը մեր իրականության մեջ այլ ուսումնասիրող չի ունեցել: Սարգսի մահից հետո Բաքվում «Արօր» տպարանը 1904 թվականին հրատարակել է նրա բանաստեղծությունների գրքույկը 85 էջով, որը ներկայացվել էր տպագրության դեռեւս 1891 թվականից»,- հավելեց Խաչիկ Ենգիբարյանը:

Ըստ նրա՝ մի հարց մնում է չպարզաբանված, թե ինչու են Սարգսյանցից Նոր Բայազետում թաղել: Հետազոտողը ենթադրում է, թե դա կպված է այն բանի հետ, որ Սարգսյանցը կյանքի վերջին ժամանակահտվածում պաշտոնավերել է Նոր Բայազետում

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում