Մարզային

Եվրոպական Միության «TEMPUS.LeAGUe» ծրագրի հերթական աշխատաժողովը կայացավ Գավառի պետական համալսարանում

4 րոպեի ընթերցում

Եվրոպական Միության  «TEMPUS.LeAGUe» ծրագրի հերթական աշխատաժողովը կայացավ  Գավառի պետական համալսարանում

ԳԱՎԱՌ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գավառի պետական համալսարանում կայացավ Եվրոպական Միության «TEMPUS.LeAGUe-Հայաստանում, Վրաստանում եւ Ուկրաինայում հարատեւ ուսուցումը խթանող ցանցի ներդրում» ծրագրի հերթական աշխատաժողովը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի պետական համալսարանի լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, աշխատաժողովին մասնակցեցին պատվիրակներ Հայաստանից, Վրաստանից, Ուկրաինայից, Շվեդիայից, Դանիայից, Պորտուգալիայից, Հունաստանից, Մեծ Բրիտանիայից եւ Բուլղարիայից, որոնք ներկայացնում են ծրագրին մասնակից բարձրագույն ուսումնական հաստատություններ, հարատեւ կրթության հարցերով զբաղվող կազմակերպություններ, ինչպես նաեւ կրթության կառավարման լիազոր մարմիններ: Հայաստանյան գործընկերներից հանդիպմանը մասնակցեցին ՀՀ ԿԳՆ լրացուցիչ եւ շարունակական կրթության բաժնի գլխավոր մասնագետ Կարինե Կոստանյանը, «Erasmus+»-ի Հայաստանի ազգային գրասենյակի ղեկավար Լանա Կառլովան, Հայաստանի ազգային ագրարային, Ռուս-հայկական (Սլավոնական), Վանաձորի պետական համալսարանների, Ցկյանս կրթության հայաստանյան լիգայի ներկայացուցիչներ։ Մինչ աշխատաժողովի մեկնարկը հյուրերը եղան բուհի՝ Վարշամ Ավետյանի անվան պատմագիտական թանգարանում, դիտեցին բուհի ուսանողների ձեռքի աշխատանքների ցուցահանդեսը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին։

Հյուրերին ողջունեց ԳՊՀ ռեկտորը՝ իրավաբանական գիտությունների դոկտոր Ռուզաննա Հակոբյանը։ Նա նշեց, որ Գավառի պետական համալսարանն անդամակցում է Եվրոպական Միության միջազգային 15 ծրագրերի, ինչը կարեւոր ցուցանիշ է բուհի միջազգայնացման ճանապարհին։

Աշխատաժողովի օրակարգի համաձայն՝ ԵՄ «TEMPUS.LeAGUe» ծրագրի ԳՊՀ աշխատանքային խմբի անդամ Լիլիթ Թոռչյանը բովանդակալից շնորհանդեսի ձեւով ներկայացրեց շարունակական կրթության նպատակներն ու ձևերը, ԳՊՀ-ի կողմից ֆորմալ կրթությանը զուգահեռ ներքին եւ արտաքին շահառուների համար իրականացվող ոչ ֆորմալ կրթական ծրագրերը։ Լրացուցիչ կրթական ծրագրերի իրականացումը մաս է կազմում Գավառի պետական համալսարանի հանրային պատասխանատվության։

Վրաստանի ԿԳՆ ներկայացուցիչ Իրինե Դարչիան ներկայացրեց « Ամրապնդելով համալսարանների` որպես շարունակական կրթական հաստատությունների հատուկ դերակատարությունը» ծրագրի էությունը, ժամկետները, նպատակները, գործունեության ուղղությունները, մասնակից կազմակերպություններին, ինչպես նաեւ` ակնկալիքներն ու ելքային արդյունքները, անդրադարձավ ծրագրի շրջանակում կայացած հանդիպումներին, ամփոփ նկարագրեց աշխատանքային փաթեթներով նախատեսված գործողությունները։

«Erasmus+»-ի Հայաստանի ազգային գրասենյակի ղեկավար Լանա Կառլովան ներկայացրեց Հայաստանում ներդրված եւ հաջողությամբ ավարտված, ինչպես նաեւ ընթացիկ Եվրոպական Միության «TEMPUS» ծրագրերը, դրանց իրականացման ժամանակագրությունը՝ վիճակագրական տվյալներով, անդրադարձավ «ERASMUS MUNDUS» ծրագրի շրջանակում կրթությունը եվրոպական բուհերում շարունակելու հնարավորություններին։

Ծրագրի մասնակիցները երախտագիտություն հայտնեցին բուհի անձնակազմին՝ ջերմ ընդունելության եւ հյուրընկալության համար։

ԽոսրովԽլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում