Մարզային

Լճաշենի մանկապարտեզը եւ արվեստի դպրոցն այսուհետեւ կգործեն հիմնանորոգված շենքային պայմաններում

5 րոպեի ընթերցում

Լճաշենի մանկապարտեզը եւ արվեստի դպրոցն այսուհետեւ կգործեն հիմնանորոգված շենքային պայմաններում

ԳԱՎԱՌ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղում նախադպրոցական եւ դպրոցական տարիքի երեխաների առջեւ հանդիսավոր պայմաններում իրենց դռները բացեցին մանկապարտեզի եւ արվեստի դպրոցի հիմնանորոգված շենքերը:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ` Լճաշենի մանկապարտեզի եւ արվեստի դպրոցի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը, Լճաշենի գյուղապետ Կորյուն Մարգարյանը, մանկապարտեզի եւ արվեստի դպրոցի մանկավարժներն ու սաները, ծնողներ, շինարարներ, հիմնանորոգման աշխատանքներին աջակցություն ցուցաբերած գործարարներ:

Լճաշենի գյուղապետ Կորյուն Մարգարյանի տեղեկացմամբ, մակապարտեզի շենքը հիմնանորոգվել է տեղական բյուջեի միջոցներով` 8 միլիոն դրամի ներդրմամբ: Շինարարական աշխատանքներն սկսվել են այս տարվա սկզբին եւ ավարտվել հունիսի 10-ին: Ամբողջությամբ հիմնանորոգվել են սանհանգույցները, շենքի երկրորդ հարկի դասասենյակներն ու ննջասենյակները, ձեռք են բերվել նոր մահճակալներ, անկողնային պարագաներ, գույք: «Մանկապարտեզն իր հիմնադրման օրից ի վեր գործել է 37 տարի անընդմեջ եւ միայն նախորդ տարվա ավարտին է ժամանակավորապես դադարեցրել աշխատանքը` հիմնանորոգման նպատակով: Այն այսուհետեւ գործելու է նորոգ ու բարեկարգ պայմաններում, երկու խմբով, ուր հաճախում են 80 երեխա: Մենք այժմ ունենք 130 երեխաների ծնողների դիմումներ, բայց հարկադրված ենք ժամանակավորապես մերժել 50-ի դիմումները, քանի որ շենքի առաջին հարկի տարածքն անբարեկարգ է: Միջոցներ գտնելուն եւ հիմնանորոգումն ավարտելուն պես մանկապարտեզ կընդունենք նաեւ մնացած երեխաներին»,-նշեց համայնքի ղեկավարը:

Կորյուն Մարգարյանը Լճաշենի գյուղապետի շնորհակալագրով պարգեւատրեց Լճաշենի մանկապարտեզի տնօրեն Էմմա Աբրահամյանին, մի խումբ շինարարների եւ մանկապարտեզին մշտապես սննդով աջակցող գործարարներ Աշոտ Ավետիսյանին եւ Վանիկ Սարգսյանին: Համայնքի ղեկավարը դրվատեց մանկապարտեզի տնօրեն Էմմա Աբրահամյանի աշխատանքը, ով արդեն 37 տարի ղեկավարում է նախադպրոցական հաստատությունը, իսկ հիմնանորոգված մանկապարտեզի բացումը համընկել է նրա ծննդյան 60 –րդ տարեդարձին, ինչի կապակցությամբ նա պարգեւատրվեց նաեւ հուշանվերներով: Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, շնորհավորելով համայնքի ղեկավարին, մանկապարտեզի կոլեկտիվին ու ծնողներին, խոստացավ աջակցել մանկապարտեզի շենքի առաջին հարկի հիմնանորոգմանը: «Ուրախալի է, որ Լճաշենում տեղական բյուջեի միջոցները ծախսվում են նպատակային, հանրօգուտ գործերի ուղղությամբ: Կձգտենք պետական աջակցության հրատապ ծրագրերի շրջանակներում միջոցներ տրամադրել մանկապարտեզի մնացած տարածքի հիմնանորոգման աշխատանքների իրականացման համար»,-հավաստեց Գեղարքունիքի մարզպետը:

Լճաշենի արարողությունների սրահի բակում հավաքված արվեստի դպրոցի ուսուցիչները, աշակերտները եւ ծնողները աղուհացով , ծափերով ու համերգային ծրագրով դիմավորեցին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանին, Լճաշենի գյուղապետ Կորյուն Մարգարյանին, մյուս հյուրերին: Նորաբաց ու նորանորոգ արվեստի դպրոցի դասասենյակներով շրջելուց ու մանկավարժների եւ սաների հետ զրուցելուց հետո հյուրերը մոտ մեկ ժամ տեւողությամբ ունկնդրեցին տեղի սաների ուժերով կազմակերպված համերգային մշակութային ծրագիրը: «Մեր դպրոցը հազիվ մեկ տարվա պատմություն ունի, եւ ուրախալի է, որ արդեն գործելու է այսպիսի բարեկարգ պայմաններում: Կուզեի, որ այս դպրոց հաճախեր յուրաքանչյուր լճաշենցի երեխա` գեղագիտական ուրույն ճաշակ զարգացնելու համար: Մեր շնորհակալությունը համայնքի ղեկավարին ու ծնողներին կլինի այն, որ մեր աշխատանքով կարողանանք այս դպրոցում կրթել ու կյանք ճանապարհել հայտնի արվեստագետների»,-ասաց Լճաշենի արվեստի դպրոցի տնօրեն Լիանա Մովսիսյանը:

Լճաշենի արվեստի դպրոցը տեղավորվել է արարողությունների սրահի շենքի երկրորդ հարկի հիմնանորոգված տարածքում: Հիմնանորոգումն իրականացվել է տեղական բյուջեի միջոցներով` 4,5 միլիոն դրամի ներդրմամբ: Աշխատանքներն սկսվել են այս տարվա սկզբից եւ ավարտվել հունիսի 10-ին: Արվեստի դպրոցում այժմ գործում են դաշնամուրի, փողային գործիքների եւ նկարչության խմբակներ, որոնք ոնեն 30 աշակերտ:

ԽոսրովԽլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում