Համալրվում է Գավառի Լ. Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանական կազմը
2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Լ. Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնը վերածնվում է ոչ միայն արտաքնապես` շենքային պայմաններով, այլ նաեւ թարմանում է նրա ռեժիսորական ու դերասանական կազմը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Ղափանցյանը, արդեն մեկ ամիս է, ինչ թատրոնի գլխավոր ռեժիսոր է նշանակվել Արմեն Սաֆարյանը:
Նա Գավառի թատերասեր հասարակության դատին է պատրաստվում ներկայացնել Անդրեյ Կուրեյչիկի «Զգուշացեք, կանայք են» եւ Բեռնարդ Սլեյդի «Ֆրանսիական սիրաշփոթ» պիեսները: Դրանցից առաջինի անդրանիկ ներկայացումը տեղի կունենա հուլիսի կեսերին, Գավառի մշակույթի պալատում, իսկ երկրորդը կբեմադրվի սեպտեմբերին: Թատրոնում կատարվել են նաեւ կադրային փոփոխություններ, եւ ներկայացումների համար Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնից հրավիրվել են դերասաններ Յունոնա Մալենկոն, Աննա Ավետիսյանը, պայմանագրային հիմունքներով հրավիրված Մարիամ Խաչատրյանը եւ բեմանկարիչ Լիաննա Կրճատյանը: Նույն աղբյուրի հավաստմամբ` այսօր թատրոնն ունի 16 դերասան, իսկ ներակայացման փորձերն իրականացվում են մի այլ տարածքում, մինչեւ շահագործման կհանձնվի պետբյուջեի միջոցներով կառուցվող թատրոնի նոր շենքը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում թատրոնի նորանշանակ ռեժիսորը նշեց, որ ձեւավորվել է թատրոնի գեղարվեստական խորհրդի կազմ, որտեղ ներգրավվել են մասնագետներ ինչպես Գեղարքունիքի մարզից, այնպես էլ` մայրաքաղաքից: Կազմում ընդգրկվել են արվեստագետներ, գրականագետներ, հասարակական գործիչներ եւ տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ: Խորհրդի կազմի գործունեությունը նպաստելու է թատրոնի առաջընթացին ու հեղինակության բարձրացմանը:
«Փորձում ենք անել հնարավորը` Գավառի թատրոնի վաղեմի փառքն ու համբավը վերականգնելու համար: Մեզ բոլոր հարցերում աջակցում է մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը եւ թատրոնի տնօրինությունը»,- նշեց թատրոնի նորանշանակ ռեժիսորը: Թատրոնի նորակառույց շենքը շահագործման կհանձնվի 2016 թվականի դեկտեմբերին:
Խոսրով Խլղաթյան