Խճանկար

Հայտարարվել է աշխարհում առավել նախընտրելի գույնը

2 րոպեի ընթերցում

Հայտարարվել է աշխարհում առավել նախընտրելի գույնը

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: YouGov ծառայության հարցման արդյունքում աշխարհում առավել նախընտրելի գույն է հայտարարվել կապույտը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդվում է YouGov-ի կայքում: Հետազոտությանը մասնակցել են տասը երկրների՝ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, ԱՄՆ-ի, Ավստրալիայի, Չինաստանի, Հոնկոնգի, Մալայզիայի, Սինգապուրի, Թաիլանդի եւ Ինդոնեզիայի բնակիչները:

Կապույտ գույնը նախընտրածներն առավել մեծ թիվ են կազմել Մեծ Բրիտանիայում (33 տոկոս), ամենաքիչը՝ Ինդոնեզիայում (23 տոկոս): Ընդ որում նշվում է, որ երկրներից յուրաքանչյուրում նախապատվությունն այդ գույնին տված մարդիկ առնվազն 8 տոկոսով ավելի շատ են եղել, քան այլ երանգների սիրահարները:

Թաիլանդում, Չինաստանում եւ ԱՄՆ-ում վարկանիշի երկրորդ հորիզոնականն զբաղեցրել է կանաչ գույնը, Ինդոնեզիայում, Սինգապուրում, Գերմանիայում եւ Մեծ Բրիտանիայում՝ կարմիրը, Հոնկոնգում՝ մանուշակագույնը: Ավստրալիայում եւ Մալայզիայում կարմիրն ու մանուշակագույնը բաժանել են երկրորդ տեղը:

Նշվում է, որ մարդկանց նախապատվությունները կախված են եղել նրանց սեռային պատկանելությունից: Օրինակ, ԱՄՆ-ում կապույտին իրենց ձայնն են տվել տղամարդկանց շուրջ 40 տոկոսը եւ կանանց 24 տոկոսը, Մեծ Բրիտանիայում՝ համապատասխանաբար 40 եւ 27 տոկոսը: Բացի այդ, հարցվածների ընտրության վրա ազդել է նրանց ռասսայական պատկանելությունը: Այսպես, ԱՄՆ-ում վարկանիշի հաղթողին իրենց ձայնն են տվել սպիտակամորթների 30 տոկոսը, սեւամորթների 35 տոկոսը եւ լատինամերիկացիների 35 տոկոսը:

Չի ճշտվում, թե ընդամենը քանի մարդ է մասնակցել հարցմանը, բայց հայտնի է, որ ԱՄՆ-ում դրան մասնակցել է 998, Մեծ Բրիտանիայում՝ 1592 մարդ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում