Շիրակի մարզպետարանը պարգևատրեց դպրոցական առարկայական օլիմպիադաների մրցանակակիր շիրակցի դպրոցականներին
3 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի ու սպորտի վարչության նախաձեռնությամբ հունիսի 10-ին պարգևատրվեցին դպրոցական առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլի մասնակից լավագույն շիրակցի դպրոցականները: Տարբեր առարկայական օլիմպիադաներում լավագույն ցուցանիշներն արձանագրած երեխաներն ստացան պատվոգրեր ու «Նարեկ»-ներ: Պարգևատրման արարողությունը, որին մասնակցում էին նաև Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, Արթիկ և Հառիճ համայնքների ղեկավարները, ՇՄ կրթության վարչության աշխատակիցներ, դպրոցների տնօրեններ, անցկացվեց Հառիճում: Շիրակն այս տարի հանրապետական դպրոցական օլիմպիադաների արդյունքներով երկրորդն է հանրապետությունում: 2014-2015 ուստարում Շիրակի մարզի դպրոցներից օլիմպիադայի հանրապետական փուլին մասնակցել է 143 աշակերտ: Շիրակցի դպրոցականներից 7-ն այս տարի արժանացել է 1-ին կարգի, 12-ը՝ 2-րդ, իսկ 9 աշակերտ՝ 3-րդ կարգի մրցանակների, գովասանագրի արժանացել է 23 աշակերտ: Ի դեպ, ընդհանուր 28 դիպլոմակիրներից 15-ը Գյումրիի դպրոցների աշակերտներն են, մյուսները՝ մարզի այլ համայնքների: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՇՄ կրթության, մշակույթի ու սպորտի վարչության կրթության բաժնի պետ Գևորգ Ղումաշյանը, մարզի աշակերտները հիմնականում լավ արդյունքեր ցուցաբերել են «Ֆիզիկա», «Մաթեմատիկա» առարկաներից և հայոց ու օտար լեզուներից, բայց ամենաշատ գերազանց արդյունքները մարզի երեխաները գրանցել են «Հայ եկեղեցու պատմություն» առարկայից, պատվոգրի է արժանացել նաև մարզի «Նախնական զինվորական պատրաստվածություն» առարկայի հավաքական թիմը: Շնորհավորելով հանրապետական օլիմպադաների մրցանակակիրներին՝ Շիրակի մարզպետ ֆելիքս Ցոլակյանը նրանց նորանոր հաջողություններ մաղթեց: «Հուզիչ է, որ մենք այսօր գտնվում ենք Հառիճավաքի հարկի տակ՝ Հառիճավանք, որը մեզ բազմաթիվ հուշեր է տվել: Այստեղ մենք զգում ենք Կոմիտասի, Իսահակյանի ուշատ այլ մեծերի շունչը: Ես ուզում եմ շնորհավորել բոլորիս: Պետք է գիտակցենք ու հասկանանք, որ ճանապարհը մեկն է՝ գիտությունն է բոլոր տեսակի հաջողությունների բանալին»,- նշեց Ֆելիքս Ցոլակյանը՝ ցանկություն հայտնելով, որ հաջորդ տարի մարզը հանրապետական առարկայական օլիմպիադաների ժամանակ լինի առաջին հորիզոնականում: Միջոցառման ընթացքում պատվոգրերի արժանացան նաև այն մանկավարժները, ում սաները լավագույն արդյունքերն են գրանցել: Ավելացնենք, որ պաշտոնական մասից հետո, բոլորին սպասում էր հյուրասիրություն՝ հայկական ավանդական ուտեստներով: Ընթացքում նաև պարգևատրվեցին միջոցառման ընթացքում հայտարարված ստեղծագործական մրցույթի հաղթողները:
Արմենուհի Մխոյան