Ճանաչողական այցով Գյումրիում էր ՀՀ-ում Արգենտինայի դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան
2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն հունիսի 10-ին ընդունեց ճանաչողական այցով Գյումրիում գտնվող ՀՀ-ում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիային:
Ողջունելով դեսպանին՝ Շիրակի մարզպետը ներկայացրեց մարզը, նրա պատմությունն ու առանձնահատկությունները: «Շիրակը 1988-ի երկրաշարժից հետո շատ է փոխվել, շատ բան քանդվել էր, նորերն են կառուցվել: Հիմա երբեմնի արդյունաբերական շրջանն համարվում է գյուղատնտեսական մարզ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Ֆելիքս Ցոլակյանը: Մարզպետը կարևորեց հայ-արգենտինական բարեկամությունն ու գործակցության առավել սերտացումը: «Ես կուզենայի, որ դուք առավել հաճախ լինեք Հայաստանի մարզերում, այս կերպ դուք ավելի լավ կճանաչեք մեր երկիրը, նրա ներուժն ու հնարավորությունները»«-ավելացրեց Շիրակի մարզպետը:
Դեսպանը շնորհակալություն հայտնեց Ֆելիքս Ցոլակյանին ջերմ ու անմիջական զրույցի« հանգամանալից տեղեկատվության համար: Նա ընդգծեց« որ իր համար ևս կարևոր է երկու երկրների հարաբերությունների սերտացումը: «Ես ուրախ եմ, որ Հայաստանում եմ, այժմ էլ՝ Շիրակում: Տպավորված եմ ձեր անմիջականությամբ: Հուսով եմ՝ մեր ճանաչողական հանդիպումը կհանդիսանա ավելի սերտ մտերմության ու համագործակցության հիմք»,- նշեց Արգենտինայի դեսպանը:
Հանդիպման ավարտին կողմերը հուշանվերներ են փոխանակեցին:
Արմենուհի Մխոյան