Մարզային

Շատվան եւ Նորաբակ գյուղերը ձեռք կբերեն գյուղատնտեսական նոր տեխնիկա

2 րոպեի ընթերցում

Շատվան  եւ Նորաբակ գյուղերը ձեռք կբերեն գյուղատնտեսական նոր տեխնիկա

ԳԱՎԱՌ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Շատվան եւ Նորաբակ գյուղերը ՀՀ կառավարության կողմից իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության» ծրագրի շրջանակներում ձեռք կբերեն գյուղատնտեսական 12 միավոր տեխնիկա: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շատվանի գյուղապետ Լյովա Աբրահամյանը, Շատվան եւ Նորաբակ համայնքներն արդեն ստեղծել են միացյալ «Արոտոգտագործողների ընկերություն», ինչը ծրագրի իրականացման գլխավոր նախապայմաններից մեկն է: Երկրորդ հիմնական նախապայմանը համայնքների կողմից ծրագրի 15 տոկոսի չափով ներդրում կատարելու պարտավորությունն է, ինչին արդեն պատրաստ է Շատվանի գյուղապետարանը:

«Ծրագրի ընդհանուր ներդրումը կազմում է 100 միլիոն դրամ, որից 15 միլիոն դրամը հատկացնելու է Շատվանի գյուղապետարանը: Մենք ոչ միայն պատրաստ ենք այդ ներդրմանը, այլ նաեւ անհամբերությամբ ենք սպասում այն օրվան, երբ մոտակա ամիսների ընթացքում կներկրենք մեզ հատկացվող գյուղտեխնիկան, որն անչափ անհրաժեշտ է մեր եւ Նորաբակի գյուղացիական տնտեսություններին: Նախատեսվում է մեր երկու գյուղերի համար ձեռք բերել 1 վարող հզոր տրակտոր, ցանք ու հունձ անող «Բելառուս» մակնիշի մի քանի տրակտորներ` ցանող, հնձող, հակավորող, փոցխող գյուղգործիքներով»,- նշեց Լյովա Աբրահամյանը: Գյուղապետի կարծիքով, ձեռք բերված գյուղատնտեսական տեխնիկան, մի կողմից, կնպաստի մշակվող վարելահողերի եւ անասնագլխաքանակի ավելացմանը, մյուս կողմից` գյուղտեխնիկան շահագործող մասնավոր անձանց կողմից թելադրված գների զսպանը եւ նվազեցմանը:

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում