Ակունքի «Էկոկաթ» ձեռնարկությունը կաթը մթերում է 1լիտրը 120 դրամով
1 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղում գործող «Էկոկաթ» ձեռնարկությունը 3,6 տոկոս յուղայնության կաթը տնտեսություններից մթերում է 120 դրամով` 1 լիտրի դիմաց: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Էկոկաթ» ձեռնարկության տնօրեն Արթուր Մովսիսյանը, ձեռարկությունը Վարդենիսի տարածքի գրեթե բոլոր համայնքների տնտեսություններից կատարում է կաթի մթերումներ` վերամշակման օրական ծավալները հասցնելով մոտ 20 տոննայի:
«Հիմա, երբ կաթի մթերման շուկայում դժվարին իրավիճակ է առաջացել, իսկ կաթ արտադրող տնտեսություններում` խուճապային տրամադրություններ, փորձում ենք մեղմել իրավիճակը, սատար կանգնել մեր տարածքի անասնապահական տնտեսություններին: Ճիշտ է, նախորդ տարվա համեմատ հիմա կաթն էժան ենք մթերում մոտ 20 դրամով, սակայն, կարծում եմ, որ մթերման ներկա գինը հնարավորություն է տալիս, որպեսզի կաթ արտադրող տնտեսությունները կարողանան դիմակայել առանձին հանգամանքներով պայմանավորված մթերման գների նվազման փորձությանը եւ պահպանեն անասնագլխաքանակը»,- հավաստեց Արթուր Մովսիսյանը:
Խոսրով Խլղաթյան