Գյումրի և ՉԺՀ Սիան քաղաքներն ունեն հետագա համագործակցության բոլոր նախադրյալները
4 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ,8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրի և Չինաստանի Սիան քաղաքներն ունեն հետագա համագործակցության բոլոր նախադրյալները: Այս մասին հունիսի 8-ին Սիանի քաղաքապետարանի պատվիրակության Գյումրի կատարած պաշտոնական այցի շրջանակում նշեցին երկու քաղաքների ղեկավարները: Սիանից ժամանած պատվիրակությանը՝ քաղաքապետ Դոն Ցզյունի գլխավորությամբ, նախ ընդունեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Ողջունելով հյուրերին՝ քաղաքապետը բարձր գնահատեց Գյումրիի և Չինաստանի Սիան քաղաքների միջև ծավալված փոխգործակցությունը« որն արդեն երկրորդ տարին է կյանքի կոչվում:
Այդ համագործակցության շրջանակներում, Գյումրին միացել է Մետաքսի ճանապարհի քաղաքների հուշագրին: Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, չինական կողմի հրավերով, 2014 սեպտեմբերի 22-24-ը, գտնվում էր ՉԺՀ Շանսի նահանգի Սիան քաղաքում՝ մասնակցելու «Խաղաղության միջազգային օր»-վան նվիրված տոնակատարությանը և «Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու» քաղաքների զարգացմանը միտված համաժողովին: Այդ ժամանակ էլ Գյումրին միացել է «Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու» ավելի քան երկու տասնյակ քաղաքների միջև ստորագրված համատեղ հուշագրին:
Դոն Ցզյունն իր խոսքում ևս կարևորեց այդ պատմական առևտրատնտեսական ցանցի վերականգնումը« ինչպես նաև համագործակցային արդյունավետ կապերի ստեղծումը« այդ թվում՝ տնտեսական, արդյունաբերական և այլ ոլորտներում: Կողմերը պատրաստակամություն հայտնեցին աջակցելու կապերի ամրապնդմանն ու զարգացմանը և արդեն գործնական դաշտ տեղափոխելու ավելի վաղ՝ դեռ 2013 թվականին Գյումրու և Սիանի միջև ստորագրված բազմակողմանի համագործակցության մասին հուշագիրը:
Հուշանվերներ փոխանակելուց հետո պատվիրակությունները մասնակցեցին Գյումրու քաղաքապետարանի ճեմասրահում բացված՝ չինացի լուսանկարիչների աշխատանքների ցուցադրությանը: Ի դեպ հյուրերը դատարկաձեռն չէին եկել Գյումրի. քաղաքապետարանում տեղի ունեցավ «Տերրա կոտա» արձանի բացումը« որը, որպես երկու քաղաքների բարեկամության խորհրդանիշ, Սիան քաղաքի նվերն էր Գյումրիին: Լուսանկաներն ու արձանը քաղաքապետարանում կմնան մինչև Գյումրիում «Երիտասարդական պալատ»-ի շինվերականգնման աշխատանքների ավարտը, որից հետո կտեղափոխվեն նորաստեղծ պատկերասրահ:

Հանդիպման ընթացքում ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնելով հյուրերին այցի համար, Գյումրու քաղաքապետը հույս հայտնեց, որ մի օր էլ, որպես փոխհամագործակցության ապացույց, Գյումրիում կբացվի «Չինական տուն», իսկ Սիանում «Գյումրու տուն»: Հանդիպման ընթացքում Սամվել Բալասանյանը տեղեկացրեց, որ սեպտեմբերին գյումրեցիներն էլ նմանատիպ նվեր՝ խաչքարի տեսքով, իրենց հետ կտանեն Սիան:
Նույն օրը հյուրերին ընդունեց նաև Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը: Մարզպետը հանդիպման ընթացքում ավելի մանրամասն ներկայացրեց Գյումրու ու Շիրակի մարզի պատմությունն ու ողջ ներուժը: Անդրադարձ եղեվ նաև Գյումրու խնդիրներին, այդ թվում՝ գործազրկության հիմնախնդրին:

Օրվա ընթացքում հյուրերը կլինեն Գյումրու ժողովրդական ճարտարապետութան և քաղաքային կենցաղի թանգարանում, «Տեխնոլոգիական կենտրոն»-ում: Երեկոյան հյուրերը կմասնակցեն «Գյումրի-Սիան» համաժողովին, որի ընթացքում կստորագրվի համագործակցության հուշագիր:
Արմենուհի Մխոյան