Արարատի պատանի փրկարարները հանրապատական փուլում զբաղեցրել են չորրորդ տեղը
3 րոպեի ընթերցում

ԱՐՏԱՇԱՏ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից կազմակերպված պատանի հրշեջ-փակարարների հանրապետական ամենամյա առաջնությանում Արարատի մարզի պատանի փրկարարները նվաճել են չորրորդ տեղը:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում փրկարար ծառայության լեյտենանտ, բնակչության պաշտպանության բաժնի ավագ սպա Գեւորգ Թեմուրյանն ասաց, որ այս պահին ընթանում են մարզումներ հուլիսի 9-18-ը Բելառուսի Հանրապետության Գոմել քաղաքում կազմակերպվելիք հրշեջ-փրկարարների 13-րդ միջազգային հավաքում լավագույնս հանդես գալու համար, որին կմասնակցի նաեւ Արարատի մարզի թիմի անդամ Ռաիսա Խչոյանը:
Թեմուրյանը նշեց, որ հանրապետական փուլին նախապատրաստվելու համար թիմի վեց անդամները գարնանը բավականին լուրջ պատրաստվածություն են անցել: Ֆիզիկական պատրաստվածության ուղղությամբ նրանց հետ պարապմունքներն ինչպես նախորդ տարի, այս անգամ եւս իրականացրել է մարզային փրկարարական վարչության բնակչության պաշտպանության բաժնի գլխավոր մասնագետ Հարություն Կարապետյանը: Սպորտային մասով մարզումներն իրականացվել են Արտաշատի քաղաքային մարզադաշտում, մասնագիտական, փրկարարական եւ գեղարվեստական մասով` հրշեջ-փրկարարական ջոկատում, գիտելիքների հարստացման հետ կապված դասընթացները` Արտաշատի թիվ 1 դպրոցում, որին մեծապես աջակցել է ուսուցչական անձնակազմը:
Թեմուրյանը նշեց, որ առաջիկա ամիսներին կձեւավորվի հաջորդ տարվա մարզային հավաքական թիմը, որի մեջ ընդգրկվող պատանիներին կընտրի մարզային վարչությունում ձեւավորված հանձնաժողովը: Սպորտային պատրաստվածության անհրաժեշտությունից զատ, իրականացվում է նաեւ գիտելիքների ստուգում: Պատանին, որը կընտրվի թիմում, պետք է վարժ տիրապետի ռուսերենին, հայոց պատմությանը, աշխարհագրությանը: «Նա պետք է լինի կիրթ եւ գրագետ, քանի որ նրանցից ոմանք հետագայում կներկայացնեն մեր հանրապետությունն այլ երկրում, եւ պարտավոր են լինել ներկայանալի, գիտելիքների պաշարով հարուստ եւ բազմակողմանի զարգացած»,-ընդգծեց նա:
Առաջնությունը կազմակերպվում է արդեն երրորդ տարին: Նախորդ տարի անցկացված հանրապետական առաջնությունում Արարատի մարզային թիմը զբաղեցրել էր երրորդ, իսկ 2013 թվականին` երկրորդ տեղը: «Արդեն երկրորդ անգամ է, որ մեր մարզային հավաքականից ընտրվում են պատանիներ, ովքեր պետք է հանդես գան նաեւ միջազգային հավաքում: 2013-ին Բելառուսում անցկացված մրցաշարին Հայաստանը ներկայացնող անձնակազմում ընդգրկված էին Արարատի մարզային թիմի չորս անդամ: Մենք հպարտ ենք, որ այս տարի եւս մեր մասնակիցը կմեկնի»,-ընդգծեց Թեմուրյանը:
Լիլիթ Մաճկալյան