ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Վահան գյուղի երկու տասնյակից ավելի բնակիչներ հոսպիտալացվել են թունավորման նախանշաններով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից: Ճամբարակ քաղաքի ԲԿ են տեղափոխվել 25 քաղաքացիներ, որոնցից 6-ն, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել:
Ինչպես ավելի ուշ հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, հունիսի 6-ին, ժամը 10:45-ի դրությամբ՝ Վահան գյուղից ճամբարակի ԲԿ է դիմել է 25 անձ, որից 7-ը՝ 4-ից 14 տարեկան երեխա: Բոլորի մոտ նկատվել են նույն ախտանշանները` սրտխառնոց, փսխում, լուծ, ընդհանուր թուլություն, մի մասի մոտ՝ ջերմություն:
Հիվանդներից 6-ը, որից մեկը՝ երեխա, ստացել են առաջնային բուժօգնություն և տուն ուղարկվել, իսկ 19-ը՝ հոսպիտալացվել է: Նրանցից 12-ի վիճակը գնահատվում է թեթև, 7-ի վիճակը՝ միջին ծանրության:
Դեպքերի առաջացման պատճառը պարզաբանելու նպատակով ձեռնարկվել են կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ, որոնք զուգորդվում են լաբորատոր հետազոտություններով:
Համաճարակաբանական հետազոտության արդյունքում բացահայտվել է, որ բոլոր հիվանդները կերել են թութ՝ գնված իրենց գյուղում այդ օրը ժամը 16:00-ի մոտակայքում՝ միրգ վաճառող նույն անձից: Հիվանդների վիճակն այժմ բավարար է, ունեն առողջացման դրական տեղաշարժ:
Իրականացվում են բակային համայցեր՝ հիվանդների վաղ հայտնաբերման նպատակով: Աշխատանքները տարվում են շահագրգիռ այլ գերատեսչությունների հետ համագործակցությամբ: