Գեղարքունիքի մարզպետը հանձնարարել է տեղերում ուսումնասիրել համայնքների խնդիրները
2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Շատվան, Կութ, Ազատ, Նորաբակ եւ Սոթք համայնքներում օրեր առաջ կատարած աշխատանքային այցից հետո Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներից ձեւավորել է աշխատանքային խումբ, որը տեղերում ուսումնասիրելու է բարձրացված բոլոր հիմնահարցերը եւ ներկայացնելու է դրանց լուծման ելքերը: Ինչպեսդ «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմից, աշխատանքային խմբում ընդգրկված են Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության, առողջապահության եւ սոցիալական ապահովության, գյուղատնտեսության եւ բնապահպանության, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների եւ տեղական ինքնակառավարման մարմինների համակարգման վարչությունների պետերը, քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության եւ ճարտարապետաշինարարական բաժինների վարիչները:Խորհրդակցություն անցկացնելով աշխատանքային խմբի անդամների հետ` մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը կետ առ կետ ներկայացրեց բարձրացված հիմնահարցերը եւ հանձնարարեց` տեղում մանրակրկիտ ուսումնասիրել դրանք, առաջարկություն ներակայացնել խնդիրների կարգավորման համար: «Բարձրացված խնդիրները ե’ւ համընդհանուր, ե’ւ անձնական բնույթի են, որոնց լուծումը մարդկանց կյանքում կենսական նշանակություն ունի: Առաջարկում եմ հարցերն ուսումնասիրել մանրամասնորեն, անշահախնդիր, մասնագիտորեն եւ ներկայացնել դրանց հնարավոր լուծումները: Ոչ մի հիմնահարց չպետք է մնա անհետեւանք կամ մատնվի անուշադրության: Վաղվանից կարող եք լինել տեղերում եւ սկսել աշխատանքները»,- հանձնարարեց մարզպետը: Մարզպետի հանձնարարականները վերաբերում են ոռոգման եւ խմելու ջրի անբավարար մատակարման, ճանապարհների անբարեկարգ վիճակի, կաթի մթերման գների նվազման, ճանապարհատրանսպորտային երթեւեկության եւ բուժսպասարկման ապահովման, քաղաքացիների գույքային իրավունքների վերականգնման հետ կապված խնդիրներին:
Խոսրով Խլղաթյան