Մարզային

Կապանում նոր մանկապարտեզ է կառուցվում

2 րոպեի ընթերցում

Կապանում նոր մանկապարտեզ է կառուցվում

ԿԱՊԱՆ, 4 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կապանի Լեռնագործների 16 հասցեում գտնվող թիվ 1 հիմնական դպրոցի «Դ» մասնաշենքում արդեն սկսվել են շինարարական աշխատանքները, որոնց ավարտից՝ այս մասնաշենքի վերակառուցում-վերանորոգումից հետո, համայնքը նոր նախադպրոցական ուսումնական հաստատություն կունենա: Քաղաքում օրակարգային է կենտրոնում նոր մանկապարտեզ ունենալը, որի համար էլ ՀՀ կառավարության որոշմամբ 2014 թվականին թիվ 1 հիմնական դպրոցի տվյալ մասնաշենքը սահմանազատվեց եւ հանձնվեց համայնքին:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այժմ քանդվում են շենքի ներքին պատերը, շինությունը ուժեղացվում-ամրացվում է առավել սեյսմակայուն դարձնելու համար, արտաքին կոյուղու կառուցման հարցն է լուծվում:

Հինգ տարվա համար հաստատված ծրագրով՝ վերջնական արդյունքում Կապանում նոր ու ժամանակակից լուծումներով եւ պահանջներով մանկապարտեզ ունենալու համար 150 մլն դրամ է անհրաժեշտ: Այս տարի համայնքային բյուջեն աշխատանքների համար կներդնի 18,5 մլն դրամ: Կապանում այս նոր՝ 13-րդ մանկապարտեզի բացումը հնարավորություն կտա Ռ. Մինասյան եւ Դավիթ Բեկ թաղամասերի բնակիչներին երեխաներին չտանել իրենց համար հեռավոր, քաղաքի այլ թաղամասերի մանկապարտեզներ, ինչպես նաև կթեթեւացնի համայնքի մյուս ՆՈւՀ-երի ծանրաբեռնվածությունը:

Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Կապանի նորոգշին» ՍՊԸ-ն:

Նոր մանկապարտեզին հատկացված է 1413 քմ տարածք. շենքը կունենա հարակից կանաչ տարածություններ, խաղահրապարակներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում